Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բուժաշխատողներն արժանացան ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերի՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում բարեխիղճ եւ անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

Տավուշի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անունից ավելի քան երեք տասնակ բուժաշխատողների պատվոգրեր հանձնվեցին:

Շնորհավորելով առողջապահական համակարգում աշխատող կանանց` Արմեն Մուրադյանը կարևորել է սահմանամերձ բնակավայրերում բնակչությանը բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման որակի բարձրացմանն ուղղված շարունակական աշխատանքները: Առողջապահության նախարարը բարձր է գնահատել համակարգում աշխատող կանանց մեծ հարգանքի արժանի ամենօրյա գործունեությունը, ընդգծել, որ նրանց ներկայությունը բժշկական հաստատություններում ձևավորում է հոգատարության եւ գթասրտության առանձնահատուկ մթնոլորտ: