Ավելի հաճախ կրծքգեղձի քաղցկեղն ախտորոշվում է 45-60 տարեկան կանանց մոտ, սակայն վերջերս Հայաստանում քաղկեղի այս տեսակը ախտորոշվում է նաեւ ավելի երիտասարդ կանանց մոտ: Ինչպես նշում է Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը, անհասկանալի պատճառներով վերջերս կրծքագեղձի քաղցկեղն ախտորոշվում է նույնիսկ 18 տարեկանների մոտ:

Վերջերս, Խաչանուշ Հակոբյանի խոսքով, մի քանի 30-32 տարեկան կանանց մոտ է քաղցկեղ ախտորոշվել: Նրանցից մեկը հղի էր:

Խաչանուշ Հակոբյանը նշեց նաեւ, որ կրծքագեղձի քաղցկեղը մահացության ամենաբարձր ցուցանիշով աչքի ընկնող քաղցկեղի տեսակ է: Վերջին փուլում այն բուժելը շատ բարդ է, սակայն եթե այն ժամանակին ախտորոշվի, կանխատեսումները շատ ավելի լավը կլինեն: Այս հիվանդությունը, մասնագետի խոսքով, շատ խորամանկ է, քանի որ երկար ժամանակ կարող է ոչ մի կերպ չդրսեւորվել:

Ընդհանուր առմամբ, Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ վերջին 17 տարիների ընթացքում հետազոտվել է ավելի քանի 350 հազար մարդ, որոնցից 240 հազարը ենթարկվել է կրծքի մամոգրաֆիկ եւ սոնոգրաֆիկ հետազոտությանը: Արձանագրվել է կրքագեղձի քաղցկեղի 12 հազար դեպք, ընդ որում՝ 800 կանանց մոտ քաղկեցը դեռ զարգացման փուլում էր: Այդպիսի կանանց օգնելը դժվար չէ, եւ հիվանդությունը սովորաբար ոչ մի վտանգ հիվանդի կյանքի համար չի ներկայացնում, փոքր գոյացությունը հեռացնում են, եւ ամեն ինչ լավ է լինում, նշում է մասնագետը:

Իսկ եթե կինը գալիս է բժշկի մոտ արդեն իսկ շոշափելի ուռուցքով, սովորաբար արդեն ուշ է լինում եւ ապաքինման շանսերը կտրուկ նվազում են: Հենց այդ պատճառով են մասնագետները խորհուրդ տալիս կանխարգելիչ հետազոտություններ անցնել, եթե նույնսիկ ոչ մի գանգատ չունեք, քանի որ այդ դեպքում հնարավոր է վաղ ախտորոշում իրականացնել: Բացի այդ՝ մամոգրաֆիկ հետազոտությունների միջոցով կարելի է ախտորոշել նաեւ նախաքաղցկեղային վիճակը եւ կանխարգելել հիվանդությունը: Ամենամյա մամոգրաֆիա խորհուրդ է տրվում անցնել 40-անց կանանց, իսկ ավելի երիտասարդներին խորհուրդ է տրվում ՈւՁՀ անցնել: