Հղիությունը կանանց համար մեծ ուրախություն է, սակայն գոյություն ունեն մի շարք ֆիզիոլոգիական եւ հորմոնալ փոփոխություններ, որոնց ենթարկվում է կնոջ օրգանիզմը հղիության ընթացքում: Այդ փոփոխությունները կարող են հանգեցնել հոգեբանական դիսկոմֆորտի: Այն մասին, թե ինչ է տեղի ունենում հղի կնոջ ներաշխարհում, մեզ կպատմի հոգեբան Աննա Բադալյանը:

Առաջին եռամսյակ

Առաջին եռամսյակի ընթացքում շատ կանանց մոտ տագնապայնություն է ի հայտ գալիս, որի հիմնական պատճառը օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններն են: Սրտխառնոցը երբեմն նույնպես մի շարք տհաճ զգացումների պատճառ է դառնում, սակայն, չնայած այս ամենին, կանանց մեծամասնությունը, իմանալով հղիության մասին, շատ է ուրախանում՝ ցանկանալով բոլորին հայտնել ուրախալի լուրը:

Երկրորդ եռամսյակ

Երկրորդ եռամսյակի ընթացքում կինը սկսում է ավելի լուրջ վերաբերվել իր հղիությանը եւ նույնիսկ անհանգստանալ երեխայի եւ այն բանի համար, թե կկարողանա արդյոք լավ մայր լինել: Կանայք տարբեր սցենարներ են  մշակում եւ փորձում հասկանալ, ինչպես են վարվելու այս կամ այն իրավիճակում:

Երրորդ եռամսյակ

Երրորդ եռամսյակի ընթացքում կինը շատ է հոգնում հղիությունից եւ ցանկանում է, որ երեխան հնարավորինս արագ լույս աշխարհ գա:

Որոշ կանանց մոտ անհիմն վախեր են առաջանում, որոնք հիմնականում կապված են ոչ թե հղիության, այլ նախկինում ունեցած բացասական փորձի հետ: Այս վախերը շատ երկար թաքնված են մնում եւ գլուխ բարձրացնում միայն այն ժամանակ, երբ կինն ավելի խոցելի է դառնում: Եթե այդ վախերն ինքնուրույն չի հաջողվում հաղթահարել, պետք է դիմել բժշկի: