Հայաստանում, 2014 թվականի տվյալներով, 435 երեխա է տառապում շաքարային դիաբետով եւ ամեն տարի արձանագրվում է 50-70 նոր դեպք: Այս մասին լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում պատմեց Առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգ Ելենա Ագաջանովան:

Նրա խոսքով՝ 2014 թվականին արձանագրվել է 70 նոր դեպք, իսկ 2013-ին՝ 65: Ինչպես իր հերթին նշեց «Երազ» բարեգործական կազմակերպության նախագահ Կարինե Մխիթարյանը, այդ երեխաների 41 տոկոսը Երեւանից է, մնացածները՝ երկրի մարզերից, ընդ որում՝ դիաբետով տառապող երեխաների ամենացածր ցուցանիշը արձանագրվել է Վայոց Ձորում: Հատկանշական է, որ այդ երեխաների մոտ 70 տոկոսը, Կարինե Մխիթարյանի խոսքով, անապահով ընտանիքներից են:

Կարինե Մխիթարյանը նշեց նաեւ, որ, որոշ հետազոտությունների համաձայն, Հայաստանում դիաբետի հիվանդացության եւ մահացության մակարդակը (ինչպես երեխաների, այնպես էլ չափահասների շրջանում) ավելի բարձր է, սակայն երեխաների շրջանում հիվանդացության մակարդակի մասին տեղեկություններ չկան: Ելենա Աղջանովայի խոսքով՝ հայ երեխաների շրջանում դիաբետի հիվանդացության մակարդակը ավելի բարձր չէ, քան մյուս երկրներում:

Էնդոկրինոլոգի խոսքով՝ երեխաները հիմնականում հիվանդանում են 1 տիպի դիաբետով, որի դեպքում օրգանիզմում ի հայտ է գալիս ինսուլինի բացարձակ պակաս եւ այդ հորմոնի ներարկման անհրաժեշտություն է առաջանում: Իսկ ինչու է երեխաների մոտ զարգանում այդ հիվանդությունը, դեռեւս հայտնի չէ: Բացառված չէ, որ որոշակի դեր են խաղում էկոլոգիական ոչ բավարար պայմանները, որոնք գեների մուտացիայի պատճառ են դառնում: