Կան մարդիկ, որոնք շատ հաճախ են գնում գերեզմաններ եւ մշտապես ուզում են «զրուցել» հանգուցյալների հետ: Հիմնականում բարեկամների գերեզմաններ գնալու ցանկությունը բնական է, սակայն որոշ դեպքերում այն կարող է խոսել հոգեբանական խնդիրների առկայության մասին, նշում է հոգեթերապեւտ Ռուբեն Պողոսյանը:

Մասնագետը տեսել է մարդկանց, որոնք անընդհատ ցանկացել են գնալ գերեզմաններ եւ նույնիսկ քնել այնտեղ՝ հանգուցյալների կողքին: Դա, հոգեբանի խոսքով, կարող է խոսել մեղքի զգացումի մասին: Հավանաբար, մարդիկ չեն հասցրել որեւէ բան անել իրենց բարեկամների համա վերջիններիս կենդանության օրոք եւ այժմ, մշտապես գտնվելով նրանց կողքին, ցանկանում են որեւէ կերպ ազատվել մեղքի զգացումից:

Իսկ այն մարդիկ, որոնք մշտապես խոսում են հանգուցյալների մասին, նույնպես կարող են հոգեբանական խնդիրներ ունենալ, կարծում է հոգեբանը: Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք մտովի ապրում են հանգուցյալների հետ, մնում են անցյալում եւ դոփում են տեղում, դեպի ապագա չեն նայում:

Կարոտել մահացած բարեկամներին  եւ այցելել նրանց գերեզմաններ նորմալ է, սակայն, միեւնույն է, մասնագետների խոսքով, պետք է ապրել ներկայով եւ նայել դեպի ապագա, այլ ոչ թե փակվել անցյալում: