Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ երեխաներ են հիվանդանում առաջին տիպի շաքարային դիաբետով: Ինչպե՞ս ախտորոշել այդ հիվանդությունը երեխաների մոտ: Այս մասին մեզ կպատմի ՀՀ Առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան:
Չնկատել դիաբետի ախտանիշները, մասնագետի խոսքով, անհնար է: Դրանք հանկարծակի են ի հայտ գալիս, եւ երեխան սկսում է ավելի շատ հեղուկ խմել եւ ավելի հաճախ զուգարան գնալ՝ հատկապես գիշերը: Նրա մոտ թուլություն է ի հայտ գալիս, նա սկսում է նիհարել: Բոլոր այս ախտանիշները, իհարկե, կարող են նաեւ մի շարք այլ հիվանդությունների մասին խոսել՝ ներառյալ վիրուսային ինֆեկցիան: Այդ պատճառով շատ կարեւոր է, որ երեխայի մանկաբույժը մասնագիտական մոտեցում ցուցաբերի եւ երեխային արյան մեջ գլյուկոզայի պարունակության մակարդակի անալիզի ուղեգրի: Եթե գլյուկոզայի պարունակությունը բարձր է, մանկաբույժը պետք է երեխային ուղարկի նաեւ էնդոկրինոլոգի մոտ:
Մասնագետի խոսքով՝ երբեմն ծնողները պարզապես վախենում են մտածել այն մասին, որ երեխան կարող է դիաբետ ունենալ, սակայն հիվանդությունից փախչել, միեւնույն է, չի ստացվի, եւ, ինչքան արագ այն ախտորոշվի, այդքան լավ երեխայի առողջության համար: Եթե երեխան ժամանակին սկսի ինսուլին ստանալ (ինչը, ի դեպ, արվում է պետպատվերի շրջանակներում) նրա օրգանիզմը կկարողանա ավելի շատ ինսուլին արտադրող բջիջներ պահպանել, իսկ անոթներն ավելի առողջ կլինեն: Իսկ ահա ուշ ախտորոշման դեպքում անոթների ախտահարումը կարող է տեսողական խնդիրներ, ինչպես նաեւ երիկամների եւ այլ օրգանների աշխատանքի հետ կապված խնդիրներ առաջացնել:
Ելենա Աղաջանովան նշեց նաեւ, որ սովորաբար առաջին տիպի շաքարային դիաբետը ախտորոշվում է 5-7 եւ 10-14 տարեկան երեխաների մոտ, սակայն վերջերս ամբողջ աշխարհում եւ Հայաստանում աճում է մինչեւ չորս տարեկան ախտորոշված դիաբետով տառապող երեխաների քանակը:






