Առաջին տիպի դիաբետով տառապող երեխաները Հայաստանում ինսուլին են ստանում պետպատվերի շրջանակներում եւ ապահովված են արյան մեջ գլյուկոզայի պարունակության մակարդակի չափման սարքավորումներով, սակայն չնայած այս հանգամանքին, նրանք, ինչպես նաեւ նրանց ծնողները, մի շարք խնդիրների են բախվում, նշում է «Երազ» բարեգործական կազմակերպության նախագահ Կարինե Մխիթարյանը:

Խնդիրներից մեկն այն է, որ պետությունը այս երեխաներին ապահովում է միայն ինսուլինով, բայց ոչ ներարկիչներով եւ թեստ-երիզներով, որոնք անհրաժեշտ են արյան մեջ շաքարի պարունակության չափման համար: Այս ամենը երեխաների ծնողները ստիպված ձեռք են բերում իրենց սեփական միջոցներով, եւ խոսքը բավականին լուրջ միջոցների մասին է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ դիաբետ ունեցող երեխաների 70 տոկոսը ապրում է անապահով ընտանիքներում:

Թեստ-երիզները, Կարինե Մխիթարյանի խոսքով, բավականին թանկ են: Մեկ ամսվա ընթացքում երեխան օգտագործում է թեստ-երիզների մոտ երկու տուփ, ամեն մեկի արժեքը 7-10 հազար դրամ է: Իսկ ամեն ներարկիչը միջինում արժե 50-70 դրամ: Ամենօրյա ներարկումների համար երեխային անհրաժեշտ է երկու այդպիսի ներարկիչ:

Դիաբետով հիվանդ երեխաները նաեւ հոգեբանական աջակցության կարիք ունեն, սակայն հոգեբանների ծառայությունները Հայաստանում շատ թանկ են, եւ ծնողներից շատերը պարզապես չեն կարող իրենց նման շռայլություն թույլ տալ:

Մեկ այլ խնդիր, որը հատկապես արդիական է դիաբետ ունեցող մարզաբնակ երեխաների դեպքում,  մարզային պոլիկլինիկաներում էնդոկրինոլոգների եւ մասնագիտական օգնության բացակայությունն է:

Կարինե Մխիթարյանի խոսքով՝ անցած տարի առողջապահության նախարարի կողմից հաստատվել է դիաբետով տառապող երեխաներին օգնություն ցուցաբերելու ծրագիրը, սակայն ֆինանսավորման խնդիրների պատճառով այն դեռեւս կյանքի չի կոչվել: Հայկական օգնության հիմնադրամի միջոցների հաշվին միայն իրականացվում է մանկական էնդոկրինոլոգիայի ոլորտի մասնագետների վերապատրաստումը, սակայն ծրագիրը նախատեսում էր նաեւ թեստ-երիզներով, ներարկիչներով եւ այլ անհրաժեշտ իրերով երեխաների ապահովումը: Եթե հաջողվի ֆինանսավորում գտնել, կհաջողվի, ի վերջո, կյանքի կոչել ծրագիրը, որը կարող է մեծապես օգնել դիաբետով տառապող երեխաներին եւ նրանց ծնողներին:

Ինչպես նշեց Կարինե Մխիթարյանը, պետությունը եւս շահագրգռված է անհրաժեշտ ամեն ինչով այս երեխաներին ապահովելու մեջ՝ դիաբետով պայմանավորված բարդացումներից խուսափելու համար, քանի որ, եթե այդ բարդացումներն ի հայտ գան, երեխաների բուժումը շատ ավելի թանկ կլինի: