Չի կարելի մեռելոցները պարտադիր դարձնել: Կոնկրետ օրերին գերեզմաններ այցելելու պարտադրանքը բացասաբար է անդրադառնում մարդկանց էմոցիոնալ վիճակի վրա, նշում է հոգեթերապեւտ Ռուբեն Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ոչ աշխատանքային օր սահմանած մեռելոցները պարտադրում են մարդուն գերեզմաններ գնալ, սա նման է այն երեւույթի, երբ ծնողները փորձում են երեխային վերջինիս կամքին հակառակ գնալ որեւէ մեկի ծննդյան օրվա երեկույթին: Երկու դեպքում էլ դա բացասաբար է անդրադառնում մարդու վրա:
Ռուբեն Պողոսյանի խոսքով՝ ԽՍՀՄ տարիներին մեռելոցները շատ ավելի լավ էին կազմակերպվում: Մարդը ցանկության դեպքում կարող էր մի քանի ժամով դուրս գալ աշխատանքից՝ գերեզմաններ գնալու համար, սակայն ոչ աշխատանքային օրեր, միեւնույն է, չկային:
Ինչպես իր հերթին նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, օպտիմալ տարբերակը կլինի աշխատանքային պայմանագրերում նշելը, արդյոք տվյալ անձնավորությունը պատրաստվում է մեռելոցի օրերին գնալ գերեզմաններ եւ որ օրերին է նա աշխատելու այդ մի քանի օրվա փոխարեն: Եթե տվյալ կազմակերպությունը աշխատողին նման հնարավորություն չընձեռի, նա պետք է որոշի, ուզում է այնտեղ աշխատել, թե ոչ:
Երկու մասնագետներն էլ կարծում են, որ, քանի որ եկեղեցին Հայաստանում պետության հետ որեւէ կերպ կապված չէ, պետք չէ եկեղեցական տոները ոչ աշխատանքային օրեր սահմանել՝ այնուհետեւ ստիպելով աշխատել այդ օրվա փոխարեն:






