Հայկական  ԶԼՄ-ներում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում պոլիկլինիկաներում շաքարախտով հիվանդներին պետպատվերի շրջանակում տրվող դեղամիջոցների մասին: Մասնավորապես, մեկ տարի առաջ առողջապահության ներկայիս նախարար Դերենիկ Դումանյանի թեթեւ ձեռքով  հիվանդներին տրվող եվրոպական արտադրության դեղամիջոցները ՝ Diabeton MR (արտադրող՝  Servie ընկերություն), Amaryl M (արտադրող՝  Sanofi Aventis ընկերություն) փոխարինվեցին  հնդկական  արտադրության Diazon MR, Diamar M դեղամիջոցներով:  Վերջիններս, ըստ որոշ հիվանդների եւ բժիշկների, քիչ արդյունավետ էեն: 

Շատ քաղաքացիներ, ովքեր հնարավորություն ունեին հրաժարվելու նոր դեղամիջոցներից, արել են դա եւ սկսել իրենց հաշվին ձեռք բերել կենսականորեն անհրաժեշտ եվրոպական արտադրության դեղամիջոցները դեղատներից:  Նրանք, ովքեր չեն ունեցել այդ հնարավորությունը, ստիպված են եղան հիշել « նվիրած ձիու ատամները չեն ստուգում » արտահայտությունը եւ բավարարվել  պոլիկլինիկաներում տրվող հաբերով:

Նոր դեղամիջոցի քիչ արդյունավետության մասին տեղեկությունները առաջին անգամ  հայկական լրատվամիջոցներում հայտնվեցին այն բանից հետո, երբ պոլիկլինիկաներից մեկի բժիշկը նոր դեղամիջոցը դուրս գրելիս անզգուշաբար ասել  էր, որ  այն քիչ արդյունավետ է , ինչից հետո բժիշկը, մեղմ ասած,  ենթարկվել էր ճնշումների վերադասի կողմից:

Ինչպես պատմում են որոշ պոլիկլինկաների բժիշկները, որոնք անշուշտ այս դեպքից հետո գերադասում են մնալ անանուն,  բուժկազմակերպությունների ղեկավարները իրենց արգելել են հիվանդների ներկայությամբ կարծիք արտահայտել  վերոնշյալ դեղերի մասին, եւ ուղղակի նշանակումներ կատարել:  Մինչդեռ որոշ եռանդուն  էնդոկրինոլոգներ ակնարկների միջոցով,  շատ զգույշ,  նույնիսկ կոդավորված նշաններով փորձում են հիվանդներին հասկացնել, որ եթե իրենք հիվանդների տեղը լինեին,  ռիսկի չէին դիմի:

Ինչպես NEWS.am Medicine-ին  պատմեց բժիշկներից մեկը, եթե ինքը տեսնում է, որ հիվանդն ի վիճակի չէ ձեռք բերել եվրոպական արտադրության ավելի արդյունավետ դեղամիջոցը, նա իզուր տեղը հիվանդին չի վշտացնում եւ լռելայն նշանակում է հնդկական արտադրության դեղամիջոցը:

Մեկնաբանելով  վերջերս ինտերնետում տարածված  տեղեկությունները, թե իբր հենց այս ոչ արդյունավետ դեղամիջոցների պատճառով մեր եկրում շաքարախտով հիվանդների մոտ շատացել են ինսուլտների դեպքերը, որոշ էնդոկրինոլոգներ նշեցին, որ  հնդկական դեղամիջոցները բացարձակ անարդյունավետ անվանել չի կարելի: Ավելի ճիշտ՝ քիչ արդյունավետ: 

Եվրոպական  դեղամիջոցների հետ համեմատած նրանք իհարկե առավելություններ չունեն, բայց խոսել մարդու օրգանիզմի վրա դրական ազդեցության բացարձակ բացակայության մասին, ճիշտ չէ:  Եթե խոսքը գնում է ազդեցության բացարձակ բացակայության մասին, ապա, ամենայն հավանականությամբ, տվյալ հիվանդի համար նշանակվել է շատ թույլ դեղաչափ:  Ավելորդ չէ նշել, որ  որոշ հիվանդների վրա հնդկական դեղերն ակտիվ կերպով ազդում են, բայց հակառակ կերպով ՝ առաջանում է սրտխառնոց կամ դիկսոմֆորտ որովայնի շրջանում:

Ըստ շրջանառվող  լուրերի, «Դիաբետոն» արտադրող «Սերվյե» ֆրանսիական ընկերությունը փորձում է ամեն ինչ անել այն հայկական շուկա վերդարձնելու  համար գինն իջեցնելու  միջոցով:  Չէ՞ որ որոշ տեղեկությունների համաձայն, բյուջեի  միջոցների անբավարարության պատճառով առողջապահության նախարարությունը հնդկական Diazon MR, Diamar M դեղերը ձեռք է բերել ավելի ցածր գնով, քան  եվրոպական արտադրության Diabeton MR, Amaryl М-ը: Թեպետ,  ընդամենը 60դրամով...

Ինչեւէ , մնում է հուսալ,որ ծուխն առանց կրակի չի լինում, եւ որ գոնե այս հարցում Եվրոպան կկարողանա վերադարձնել հայաստանյան առողջապահության ոլորտի պաշտոնյաների կանխատրամադրվածությունը, իսկ հայ հիվանդներին՝ առողջության որակյալ պահպանման հույսը: 

Ավելին, այս տարվա ամառվանից Հայաստանի առողջապահության նախարարության նախաձեռնությամբ  սկսելու է գործել «թաքնված»  դիաբետիկների հայտնաբերման  սկրինինգային ծրագիր: Հետաքրքիր է , ինչպե՞ս է նախատեսում առողջապահության նախարարությունը դեղամիջոցներով ապահովել իր մշտական եւ նոր բացահայտված քրոնիկ հիվանդներին, եթե նույնիսկ հիմա  արժանապատվորեն դա անելն ահնար է թվում...

Յանա Ավչիյան