Գարնանը եւ աշնանը սրվում են ոչ միայն սոմատիկ հիվանդությունները, այլեւ հոգեբանական խնդիրները, պնդում է հոգեբան Խաչատուր Գասպարյանը:
Նրա խոսքով՝ գարնանը որոշակի փոփոխություններ զգում են գրեթե բոլորը, սակայն ավելի ծանր եւ ծայրահեղ վիճակում են սովորաբար հայտնվում ռիսկի խմբում գտնվող մարդիկ՝ երեխաները, տարեցները եւ հոգեբանական խնդիրներ ունեցողները: Իհարկե, որոշակի սրացումներ կարելի է նկատել նաեւ միջին տարիքի մարդկանց մոտ, մանավանդ եթե նրանք զգայուն են եղանակային փոփոխությունների հանդեպ:
Սրացումներ են հնարավոր նաեւ այն մարդկանց մոտ, որոնք նախկինում տրամադրության անկումներ, քնի խանգարումներ կամ սննդային վարվելակերպի հետ կապված խնդիրներ ունեին:
Հոգեբանի խոսքով՝ մարդու միջանձնային հարաբերությունները կարող են շատ բան պատմել նրա հոգեկան վիճակի մասին, իսկ եղանակային փոփոխությունները կարող են բացասաբար անդրադառնալ մարդու՝ այլ մարդկանց հետ շփվելու ունակության վրա:
Եթե մարդ հոգեբանական խնդիրներ ունի, երբեմն նրան օգնություն է անհրաժեշտ՝ եղանակով պայմանավորված ավելորդ սրացումներից զերծ մնալու համար: Ինչպես հոգեբանն է նշել, մասնագետի արժե դիմել այն ժամանակ, երբ «իրավիճակը հսկում է Ձեզ, այլ ոչ Դուք՝ իրավիճակը»:






