Նյու Յորքի Rockefeller University-ի գիտնականները աշխատում են ՄԻԱՎ-ի դեմ նոր պատվաստանյութի վրա, որը ակտիվորեն գրոհում է վիրուսը սինթետիկ հակամարմինների միջոցով: Այս պատվաստանյութը հիվանդության դեմ պայքարի նոր հեռանկարներ է բացում:
Նոր տեխնոլոգիան, գիտնականների խոսքով, կարող է օգտագործվել ոչ միայն բուժման, այլ նաեւ կանխարգելման համար: Պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները ցույց են տվել, որ այն նվազեցնում է արյան մեջ վիրուսի պարունակության մակարդակը 300 անգամ:
Պատվաստված ՄԻԱՎ վարակակիրների արյան մեջ վիրուսի պարունակությունը նվազում է մինչեւ աննշան մակարդակ: Գիտնականները կարծում են, որ պատվաստանյութը կարող է նոր հիմք դառնալ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի եւ դրա կանխարգելման համար: Պատվաստանյութում առկա հակամարմինները կասեցնում են վիրուսի ռեցեպտորների սպիտակուցները, որոնց միջոցով էլ հենց տեղի է ունենում վարակումը:
Վարակված մարդու արյան մեջ մշտապես պայքար է գնում վիրուսի եւ իմունային համակարգի միջեւ: Օրգանիզմը անընդհատ նոր հակամարմիններ է արտադրում վիրուսի դեմ պայքարելու համար, իսկ վիրուսը մուտացիաներ է ապրում՝ իմունային համակարգին դիմակայելու համար, ինչը նրան թույլ է տալիս միշտ մեկ քայլ առաջ լինել: Գիտնականները կարծում են, որ սինթետիկ հակամարմինների օգտագործումը, որոնք միանում են վիրուսի արտաքին մեմբրանին, կարող է ապահովել այլընտրանքային բուժում՝ համակցվելով բուժման գոյություն ունեցող մեթոդների հետ:
Մասնագետների խոսքով՝ շուտով հասանելի կլինի պատվաստանյութի ոչ միայն կանխարգելիչ, այլ նաեւ թերապեւտիկ տարբերակը, որը հնարավոր կլինի օգտագործել ՄԻԱՎ-ի եւ բուժման, եւ կանխարգելման համար: Նախկինում գոյություն ունեցող հակամարմինները, որոնք փորձարկվել են մարդկանց վրա, այդքան էլ տպավորիչ արդյունքներ չեն արձանագրել: Սակայն ամերիկացի գիտնականները այժմ օգտագործում են հակամարմինների սկզբունքորեն նոր գեներացիա, որը կարող է պայքարել վիրուսի բազմաթիվ շտամների դեմ: Հետազոտությունները ցույց են տվել, որ նոր պատվաստանյութը ի զորու է դիմակայել վիրուսի 237 շտամից 195-ին:






