Առաջին տիպի շաքարային դիաբետով տառապող երեխաները գործնականում ոչնչով չեն տարբերվում առողջ երեխաներից: Միակ տարբերությունն այն է, որ նրանց օրգանիզմում ինսուլին չի արտադրվում, եւ այդ պատճառով նրանք պետք է ստանան այն ներարկումների միջոցով: Այս երեխաների ապրելակերպի մասին մեզ պատմեց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան:

Սննդակարգ

Դիաբետով տառապող երեխաները, մասնագետի խոսքով, կարող են սնվել այնպես, ինչպես մնացած երեխաները: Սակայն քաղցրավենիքի օգտագործումը, իհարկե, պետք է սահմանափակել: Երեխաները շատ են սիրում չարաշահել քաղցրավենիքը, ինչը հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի շեշտակի աճին: Առողջ երեխայի օրգանիզմը հաղթահարում է այդ խնդիրը ինսուլինի միջոցով, սակայն հիվանդ երեխայի օրգանիզմը ինսուլին չի արտադրում: Այդ պատճառով, քաղցրավենիքից հետո այդ երեխաները ինսուլինի ներարկման կարիք ունեն՝ գլյուկոզայի պարունակության մակարդակը կարգավորելու համար:

Նախընտրելի է, որ այդպիսի երեխաները քաղցրավենիք օգտագործեն ուտելուց հետո, որպեսզի ինսուլինի միայն մեկ ներարկման կարիք լինի:

Սպորտ

Դիաբետ ունեցող երեխաների համար սպորտը շատ օգտակար է, քանի որ ֆիզիկական վարժությունները օգնում են վերահսկել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Ելենա Աղաջանովայի խոսքով՝ մասնագետները միշտ խորհուրդ են տալիս այդպիսի երեխաներին որեւէ սպորտով զբաղվել, իսկ եթե մարզասրահ այցելելու հնարավորություն չկա, մարզվել տանը:

Արյան մեջ գլյուկոզայի պարունակության չափումը

Դիաբետով տառապող երեխաները ստիպված են նաեւ օրական մի քանի անգամ չափել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ՝ հասկանալու համար, արդյոք ինսուլինի հավելյալ ներարկման կարիք կա: Այդ նպատակով բոլոր այդպիսի երեխաների պետությունը ապահովում է համապատասխան սարքերով, որոնց միջոցով չափվում է գլյուկոզայի մակարդակը արյան մեջ: Փոքր երեխաների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափում են երեխաները, իսկ ավելի մեծ երեխաները ինքնուրույն են օգտվում սարքավորումներից: