Կարմիր նախշով զուգարանի թուղթը կարող է արյունոտ թվալ, երբ այն խոնավանում է, իսկ զուգարանում արյան հետքերը հաստ աղու քաղցկեղի ամենատարածված նշաններից են, BMJ Case Reports ամսագրում հրապարակված նամակում գրել է Պուլ բրիտանական հինվանդանոցի պրոկտոլոգ Գայ Նեշը:
«Իրական արնահոսություն ունեցող հիվանդները կարող են արյունը սխալմամբ զուգարանի թղթի վրայի կարմիր զարդանախշի հետ շփոթել»,- ասել է Նեշը:
Նա պատմել է , որ ինքը զուգարանում տեսել է արյան նման բան, բայց պարզվել է , որ դա զուգարանի թուղթը զարդարող կարմիր սրտիկներ են եղել: Ըստ բժշկի, արտարդրողներն ու հասարակությունը պետք է իմանան այդ ռիսկի մասին:
Մինչդեռ ոչ բոլոր բժշկական մասնագետներն են կիսում այս անհանգստությունը։
«Ես կարծում եմ, որ դա անհեթեթություն է»,- ասել է Նյու Յորք նահանգի Մանհեսսեթի North Shore հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ Դեվիդ Բերնշտեյնը: Նա նշել է, որ երբեւէ չի տեսել հիվանդի , ով շփոթել է զուգարանի թղթի զարդանախշը հաստ աղու քաղցկեղի նշանների հետ, տեղեկացնում է Fox News-ը։
Արյունային կղանքն ավելի շատ ասոցացվում է հեմորոյի քան հաստ աղու քաղցկեղի հետ, հայտարարել են երկու բժիշկներն էլ: Այլ պատճառներից կարող են լինել՝ հետանցքի ճաքը, դիվերտիկուլիտը կամ կոլիտը:
Զուգարանի կարմիր թուղթը միակ բանը չէ, ինչը մարդիկ կարող են շփոթել արյան հետ: Նեշն ասել է, որ իր հիվանդներից մի քանիսը հաղորդել են արնահոսության մասին, բայց պարզվել է, որ դրանից երեք օր առաջ նրանք բազուկ են կերել:






