Անմոռուկը խորհրդանիշ է, որը, ամեն քայլին մեզ հանդիպելով, հիշեցնում է կատարված ցեղասպանության մասին։ Սակայն դրա՝ չափից շատ օգտագործումը կարող է եւ հակառակ ազդեցությունն ունենալ, կարծում է հոգեբան Սամվել Խուդոյանը։
Նրա խոսքով՝ երբեմն մարդիկ կարծես թե չափն անցնում են ցեղասպանության հիշատակի առթիվ կազմակերպված միջոցառումներով եւ, ինչու ոչ, քաղաքում ամեն տեղ փակցված անմոռուկների քանակով։
«Պետք չէ ղեկավարության առջեւ լավ երեւալու համար կազմակերպել աբսուրդ միջոցառումներ, որոնք արժեզրկում են մեծագույն իրադարձությունը եւ ոչ մի օգուտ չեն տալիս», - ասաց հոգեբանը։
Նա նշեց նաեւ, որ կարեւոր է մարդկանց մոտ այդ բոլոր միջոցառումներով զոհի բարդույթ եւ վախ չձեւավորել։ Մարդիկ, հոգեբանի խոսքով, պետք է գիտակցեն, որ ցեղասպանությունը մեր պատմության մի մասն է, բայց այն մեզ չի դարձնում ավելի թույլ կամ վատ. որոշ ազգեր անցյալում նույնպես ենթարկվել են ցեղասպանության, բայց այսօր նրանք ծաղկում են։






