Առաջին կամ երկրորդ տիպի դիաբետի բուժում առայժմ գոյություն չունի: Կարելի է միայն վերահսկել հիվանդությունը եւ սովորել ապրել դրա հետ: Առաջին տիպի դիաբետով տառապող մարդկանց օրական մի քանի անգամ պետք է ինսուլին ներարկել, որը կօգնի վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան, առաջին տիպի դիաբետը բուժվում է միայն իսնուլինի միջոցով եւ այս առումով գիտությունը այլընտրանքային որեւէ մոտեցում դեռեւս չի հայտնաբերել: Սակայն վերջերս հայտնաբերվել են ինսուլինի ներարկման նոր, ավելի արդյունավետ մեթոդներ:
Գրիչ-ներարկիչներ
Առաջին տիպի դիաբետով մարդիկ ինսուլինը ստանում են սրվակներով, որի պարունակությունը պետք է հավաքել ներարկիչի մեջ եւ նոր միայն ներարկում անել: Սակայն վերջերս ստեղծվել են նոր գրիչ-ներարկիչներ (հատուկ ներարկիչներ, որոնց մեջ ինսուլինն արդեն իսկ առկա է), որոնց օգտագործումը շատ ավելի դյուրին է՝ հասարակ ներարկիչների եւ սրվակների համեմատ:
Այդպիսի գրիչ-ներարկիչներ արդեն իսկ կան Հայաստանում, սակայն պետպատվերի շրջանակներում դրանք դեռեւս չեն տրամադրվում: Իսկ գնել դրանք կարող են ոչ բոլորը, քանի որ ամեն ներարկիչն արժե մոտավորապես 5000 – 10 000 դրամ, իսկ օգտագործել այն կարելի է 1-2 շաբաթվա ընթացքում՝ կախված ներարկումների հաճախականությունից:
Պոմպեր
Գոյություն ունեն նաեւ ինսուլինային պոմպեր, որոնք, մասնագետի խոսքով, առաջին տիպի դիաբետի վերահսկումը էլ ավելի դյուրին ու արդյունավետ են դարձնում: Փոքր կաթետերը տեղադրվում է հիվանդի մաշկի տակ եւ դրան հատուկ սարքավորում է միացվում, որն էլ ապահովում է օրգանիզմը ինսուլինով՝ համաձայն նախածրագրավորված ինստրուկցիայի:
Այդպիսի պոմպեր Հայաստանում դեռեւս չկան, սակայն Ելենա Աղաջանովան հույս հայտնեց, որ դրանք ապագայում հասանելի կդառնան:






