2020 թվականին գիտնականները կկարողանան վերականգնել սրտի վնասված բջիջներըՄարդկանց եւ մկների մոտ նեյրեգուլին հորմոնի սինթեզը, որի շնորհիվ սրտի բջիջները սկսում են տրոհվել, ավարտվում է մանուկ հասակում...

Ռեգեներացիայի ոլորտում հեղափոխական բացահայտումը կարող է արմատապես փոխել սրտի կաթված տարած մարդկանց բուժումը: Նոր տեխնոլոգիայի շնորհիվ գիտնականներին հաջողվել է վերականգնել լաբորատոր մկների սրտի բջիջները, իսկ մոտակա 5 տարիների ընթացքում այս տեխնոլոգիան հնարավոր կլինի կիրառել նաեւ մարդկանց վրա:

Մարդու արյան, մաշկի եւ մազերի բջիջները մշտապես թարմացվում են ամբողջ կյանքի ընթացքում, սակայն սրտի բջիջների վերարտադրությունը ավարտվում է մարդու լույս աշխարհ գալուց անմիջապես հետո: Կենդանիների մոտ, սակայն, այդպիսի սահմանափակումներ չկան: Սալամանդրայի եւ, օրինակ, որոշ ձկների մոտ այս բջիջները վերականգնվում են մշտապես: Weizmann Institute of Science-ի հրեա գիտնականները եւ ավստրալիական Victor Chang Institute-ի մասնագետները պնդում են, որ գտել են այդ հատկությունը մարդկանց մոտ զարգացնելու մեթոդը:

Մարդկանց եւ մկների մոտ նեյրեգուլին հորմոնի սինթեզը, որի շնորհիվ սրտի բջիջները սկսում են տրոհվել, ավարտվում է մանուկ հասակում, սակայն գիտնականները պարզել են, որ սրտի որոշ հատվածների ստիմուլյացիան նպաստում է այս հորմոնի  ձեւավորմանը եւ սրտի բջիջները սկսում են վերարտադրվել:

Սրտի կաթված տարած մարդկանց հիմնական խնդիրն այն է, որ սրտի վնասված բջիջները չեն վերականգնվում եւ դրանց հետ մարդն ապրում է մնացած ողջ կյանքի ընթացքում: Եթե գիտնականների բացահայտած նոր տեխնոլոգիան արդյունավետ լինի, հնարավոր կդառնա վերականգնել սիրտը կաթվածներից հետո: