ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր դրամաշնորհային ծրագրի հիմնական ստացողները կլինեն ՀՀ առողջապահության նախարարությունը եւ «Առաքելություն արեւելք» մարդասիրական օգնության կազմակերպությունը: Ստացողները սահմանվեցին այսօր ՀՀ առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում անցկացված ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, փակ քվեարկությամբ։ Նիստը վարում է ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։
Նիստի օրակագը հաստատելուց հետո ՄՀՀ քարտուղար Տաթեւիկ Կոստանյանը համառոտ ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի մշակման ընթացքի գործողությունները, իսկ ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի համար առկա ֆինանսական միջոցները:
2015 թվականի փետրվարին ձեւավորված դրամաշնորհային հայտի փաթեթր մշակող աշխատանքային խմբի ղեկավար Արշակ Պապոյանը անդրադարձավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի հիմնական ստացողների նախնական գնահատմանը, նաեւ ներկայացրեց հայտի մշակման ուղղությամբ միջազգային փորձագետների հետ համատեղ կատարված աշխատանքի արդյունքները:
Հեռակապի միջոցով Ժնեւից նիստին մասնակցում էր նաեւ «Գլոբալ հիմնադրամի» պորտֆոլիո-մենեջեր Վալերիա Գրիշեչկինան:






