2014 թվականին Ալավերդիում անցկացված հետազոտության շրջանակում արձանագրվել է կրծքագեղձի քաղցկեղի 8 նոր դեպք: Այս մասին լրագրողներին պատմեց քաղաքի բժշկական կենտրոնի ղեկավար Սերոբ Նազարեթյանը:
Նրա խոսքով՝ հիվանդացության ցուցանիշը, սակայն, նորմայի սահմաններում է եւ շատ քիչ է տարբերվում երկրի մնացած քաղաքների ու մարզերի ցուցանիշներից, իսկ հետազոտության արդյունքները մտահոգիչ չեն: Իր այս տեսակետը նա փաստարկեց նրանով, որ հետազոտությանը մասնակցել է 550 կին, որոնք նախկինում արդեն գանգատվել էին կրծքագեղձի առողջությունից, իսկ իրավիճակի իրական պատկերը ստանալու համար պետք է քաղաքի բնակչության շրջանում ընդհանուր հետազոտություն անցկացնել: Այս մտքի հետ համաձայն է նաեւ ՀՀ ԱՆ մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Սերոբ Նազարեթյանի խոսքով՝ 85 կին 550-ից առողջ են եղել, իսկ 404-ի մոտ տարբեր մաստոպատիաներ եւ բարորակ գոյացություններ են հայտնաբերվել:
Ինչպես իր հերթին նշեց Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը, իրականում փաստ չէ, որ այս 404 կանայք քաղցկեղ չեն ունեցել: Ալավերդիում նրանք կրծքագեղձի ՈւՁՀ են անցել, իսկ բանախոսի ներկայացրած կենտրոն դիմել է ընդամենը 28 կին, որոնց մոտ ՈւՁՀ տվյալների հիման վրա բժիշկները քաղցկեղ են կասկածել: Սակայն, հիմնականում ՈւՁՀ-ն բավական չէ 40-անց կանանց մոտ քաղցկեղ ախտորոշելու համար, պետք է նաեւ մամոգրաֆիկ հետազոտություն անցկացնել: Եվ եթե այդ հետազոտության ենթարկվեին բոլոր 404 կանայք, հավանաբար, նրանց մի մասի մոտ եւս գոյացություններ կհայտնաբերվեին:






