Գիտությունը դեռեւս չգիտի, ինչու են որոշ մարդկանց մոտ քասցկեղային հիվանդություններ զարգանում: Մի մասը մեղադրում է շրջակա միջավայրը, մյուսը՝ ապրելակերպը: Էկոլոգ Կարինե Դանիելյանի խոսքով՝ տարբեր գործոններ կարող են որոշիչ դառնալ, եւ էկոլոգիան եւս այդ գործոններից  մեկն է:

Ինչպես նշեց էկոլոգը, եթե մարդը չարաշահում է ալկոհոլը, դա կարող լյարդի քաղցկեղի պատճառ դառնալ, իսկ եթե մարդը ապրում է աղտոտված միջավայրում, այն եւս կարող է ավելի հավանական դարձնել քաղցկեղը: Օրինակ՝ օդի, հողի ու ջրի մեջ ծանր մետաղների առկայությունը կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ՝ ներառյալ քաղցկեղը: Իսկ բոլոր այս նյութերը, ինչպես հայտնի է, հայտնվում են շրջական միջավայրում, եթե մոտակայքում աշխատում է միջավայրը աղտոտող որեւէ գործարան:

ՀՀ ԱՆ մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը իր հերթին նշեց, որ շրջակա միջավայրի ազդեցությունը մարդկանց առողջության վրա հերքել ոչ մեկ չի կարող, սակայն ԱՀԿ տվյալներով՝ քաղցկեղի հիմնական պատճառն ամբողջ աշխարհում էկոլոգիան չէ, այլ ապրելակերպը: Եթե մարդը վատ է սնվում, նստակյաց կյանքով ապրում, ծխում եւ չարաշահում ալկոհոլը, նրա մոտ հիվանդության զարգացումը ավելի հավանական է դառնում: