ՀՀ Առողջապահության նախարարությունն աշխատանքներ է տանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ բժշկական օգնությունը եւ սպասարկումը բարձր մակարդակով եւ արագ կազմակերպելու համար։ Գործընթացը կկարգավորվի ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում բնակչության եւ Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց առաջնային, շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումն արագ կազմակերպելու նպատակով շտապ բժշկական օգնության, պոլիկլինիկական եւ հիվանդանոցային ծառայությունների հերթապահություններ սահմանելու մասին» հրամանով։
Այդ օրերին հերթապահություններ կսահմանվեն նաեւ նախարարությունում, որտեղից կհամակարգվեն բժշկական օգնության եւ սպասարկման աշխատանքները, բազմամարդ յուրաքանչյուր միջոցառումներից հետո կամփոփվեն իրականացված աշխատանքները։ Կուժեղացվի թեժ գծի ծառայությունը։ Գործող (+374 10) 52-88-72 հեռախոսահամարին կավելանան եւս երկուսը` (+374 10) 56-23-63 եւ (+374 10) 56-27-83։ Անհրաժեշտության դեպքում զանգերին կպատասխանեն նաեւ անգլերեն եւ ռուսերեն լեզուներով։
Նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրեց, որ աշխատանքներն այդ օրերին այնպես են համակարգվելու, որ թե՛ բազմամարդ միջոցառումների ընթացքում հերթապահություններ ապահովվեն եւ թե՛ չտուժի բնակչության բժշկական սպասարկումը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված միջոցառումների ընթացքում շտապ բժշկական օգնության, պոլիկլինիկական եւ հիվանդանոցային ծառայությունների հերթապահություններում կընդգրկվեն նաեւ Արմավիրի մարզի բժշկական կազմակերպությունները։
Ապրիլի 23-ին, 24-ին եւ 25-ին Երեւանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկականերում կապահովվեն ընդհանուր պրակտիկայի բժշկի, վիրաբույժի, ռետնգենաբանի եւ լաբորատոր ծառայության բժշկի հերթապահություններ:
Նախարարի հրամանով այդ օրերին հերթապահություններ կսահմանվեն նաեւ պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող Երեւանում գործող հիվանդանոցներում։
«Բարձր պատրաստվածության, որոշակի մասնագետներով հերթապահությունների, անհրաժեշտ դեղերով, պարագաներով ապահովվածության եւ կազմակերպական հարցերը չորեքշաբթի օրը կքննարկենք այս հիվանդանոցների տնօրենների հետ»,-նշեց նախարարը` կարեւորելով նշված օրերին բաժանմունքներում ազատ մահճակալների առկայությունը, լաբորատոր-գործիքային ծառայությունների շուրջօրյա ապահովումը։






