Հայաստանում կազմակերպվել է ստորագրահավաք թիվ 666 Ցորենի ալյուրի հարստացման մասին օրենքի ընդունումը կասեցնելու նպատակով։ Օրերս մեկնարկած ակցիայի շրջանակում այս պահին հավաքվել է 900 ստորագրություն։ Այս մասին լրագրողներին հայտնեց «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Մխիթարյանը։

Ստորագրահավաքին մասնակցելու համար դիմումը կարելի է բեռնել հետեւյալ հղումով։ Դրան գումարած նախաձեռնության անդամները պարբերաբար ստորագրահավաք են կազմակերպում Երեւանի կենտրոնական փողոցներում, եւ այս ակցիան նաեւ տեղեկատվական խնդիր է լուծում, մարդիկ իրազեկվում են խնդրի մասին։

Ա. Մխիթարյանը հավելեց, որ 5–10 հազար ստորագրություն հավաքելուց հետո նախաձեռնությունը նամակով կդիմի ԱԺ պատգամավորներին եւ վարչապետին։ «Հետագա գործընթացները մեր ծրագրում՝ պատգամավորներին ծանոթացնելն է այս խնդրին, որպեսզի քվեարկելու ժամանակ հասկանան, թե ինչ են քվեարկում», – ասաց նա։

Նա նշեց նաեւ, որ այս պահին բոլորի ուշադրությունը կենտրոնացած է ալյուրը ֆոլաթթվով եւ երկաթով հարստացման հարցի վրա, մինչդեռ ԱՀԿ ծրագրով նախատեսվում է Հայաստանում ալյուրը հարստացնել նաեւ ցինկով եւ վիտամին Ա–ով, եւ դա արվելու է աստիճանաբար, այսինքն սկզբից այն կհարստացվի երկաթով ու ֆոլաթթվով, այնուհետեւ 1–2 տարի անց դրանց կգումարվեն նաեւ ցինկն ու վիտամին Ա–ն։