Պապիլոմավիրուսի դեմ պետք է պատվաստվեն ոչ միայն աղջիկները, այլ նաեւ տղաները, պնդում են կանադացի գիտնականները: Այս պատվաստումը կարող է կանխարգելել քաղցկեղի բազմաթիվ տեսակներ:

Մարդու պապիլոմավիրուսի ազդեցությունը արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման վրա վաղուց է հայտնի եւ ապացուցված: Սակայն Տորոնտոյի համալսարանի մասնագետները պնդում են, որ տղամարդիկ կանանցից երեք անգամ ավելի հաճախ են կոկորդի քաղցկեղի զոհ դառնում, որը եւս կապված է նշյալ վիրուսի հետ: Նրանք կարծում են նաեւ, որ պապիլոմավիրուսի դեմ պատվաստելն այս դեպքում կարող է նույն արդյունավետությամբ կանխարգելել քաղցկեղն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ:

Այդ պատճառով պետք է պատվաստվեն  սեռահասունացման փուլ մտնող բոլոր տղաները: Որոշ երկրներում՝ ներառյալ Մեծ Բրիտանիան ու Կանադան, պապիլոմավիրուսի դեմ պատվաստումն անվճար է իրականացվում՝ պետության հաշվին: Նշենք, այս վիրուսի դեմ պատվաստվելը բավական թանկ հաճույք է, սակայն հետազոտության հեղինակները համոզված են, որ ծախսած միջոցները ապագայում կհատուցվեն պահպանված կյանքերի ավելի մեծ եւ կոկորդի քաղցկեղով հիվանդների ավելի փոքր թվով:

Պապիլոմավիրուսն, ի դեպ, ազդում է ոչ միայն կոկորդի քաղցկեղի զարգացման վրա: Այն երբեմն կարող է տղամարդկանց մոտ առնանդամի եւ ուղիղ աղիքի քաղցկեղի պատճառ դառնալ: Հետազոտության հեղինակները վիճակագրական մոդել են մշակել՝ վերհանելու համար տղաների շրջանում պապիլոմավիրուսի պատվաստանյութի օգտագործման արդյունքները: Պարզվեց, որ որ պատվաստումը փրկում է հազարավոր կյանքեր եւ միլիարդավոր դոլարներ: Գիտնականների համոզմամբ՝ պատվաստումը տղամարդկանց շրջանում կբարելավի նաեւ բնակչության պաշտպանվածության մակարդակը, քանի որ պապիլոմավիրուսը տղամարդկանցից կարող է փոխանցվել նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: