Հայաստանում ալյուրի հարստացման ծրագրի նպատակը ոչ այդքան ֆինանսական է, որքան քաղաքական, կարծում է «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Մխիթարյանը։ Ըստ նրա, այս ծրագիրն ավելի շուտ աշխարհաքաղաքական նպատակ է հետապնդում, այն է՝ բնակչության թվի կրճատում, հիվանդացության աճ, ինչը կբերի երկրում սոցիալական բեռի ավելացման, երկիրը կթուլանա, եւ այլն։
Պրեմիքսներ վաճառող կազմակերպություններն, ըստ նրա, անշուշտ իրենց շահերն են հետապնդում, բայց առաջնայինը քաղաքան խնդիրն է։
Ըստ Ա. Մխիթարյանի, Առողջապահության նախարարության փաստարկներում շատ իրարամերժ դրույթներ կան։ Մասնավորապես, ասվում է, որ Հայաստանն աղքատ երկիր է, եւ բնակչությունը վիտամինների եւ միկրոէլեմենտների պակաս ունի, սակայն, ԱՄՆ–ն ու Կանադան հարուստ երկրներ են, մինչդեռ այնտեղ ծրագիրը գործում է տասնյակ տարիներ։
Նա հիշեցրեց նաեւ, որ Վրաստանում այս ծրագիրը գործել է ընդամենը մեկ տարի, ինչից հետո կասեցվել է, իսկ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դա բացատրում է այն բանով, որ Վրաստանում անեմիայի հետ կապված խնդիրը մեկ տարում լուծվել է, ինչը, ըստ Ա. Մխիթարյանի, եւս աբսուրդ պնդում է։






