Հայաստանը որպես փոքր երկիր չի կարող այդպիսի ռիսկի գնալ եւ բնակչությանը պարտադրել ալյուրի հարստացման ծրագիրը, կարծում է Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նրա խոսքով՝ եթե Հնդկաստանը, Չինաստանը եւ նույնիսկ Ռուսաստանը կարող են ռիսկի գնալ՝ հաշվի առնելով այս երկրների բնակչության քանակը, Հայաստանը իրեն նման բան թույլ տալ չի կարող:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Մելիտա Հակոբյանը նշեց, որ իր ղեկավարած ասոցիացիան դիմել է ՌԴ գիտությունների ակադեմիայի սննդի ԳՀԻ նախագահ Վիկտոր Տուտելյանին, որն իր պատասխան նամակում ոչ հաստատել է ֆոլաթթվի ավելցուկի պատճառով քաղցկեղային հիվանդությունների հնարավոր զարգացումը, ոչ էլ հերքել այն: Ելնելով այս հանգամանքից՝ մասնագետը եզրակացնում է, որ մենք իրավունք չունենք դիմել նման ռիսկի եւ ներդնել այնպիսի ծրագիր, որի հնարավոր հետեւանքները ամբողջությամբ հետազոտված չեն:

Նա նաեւ պատմեց լրագրողներին, որ պաշտոնյաներից մեկը անձնական զրույցում խնդրել է նրան ամեն կերպ թույլ չտալ այս ծրագրի ներմուծումը Հայաստանում, ինչին ի պատասխան մասնագետն ասել է. «Բայց դուք էլ պետք է մեզ օգնեք»: