«Ձեզ համար, կանայք» ակցիային մասնակցել է 30 090 կին

Քաղաքապետարանը 21 բողոք է ստացել...

«Ձեզ համար, կանայք» ակցիայի շրջանակներում մայրաքաղաքի պոլիկլինիկաներ է դիմել 30 090 կին։ Նրանցից 22 593-ը հետազոտվել են, իսկ 1481-ը՝ վիրահատվել։ Այս մասին լրագրողներին պատմեց Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։

Նա նշեց նաև, որ ակցիայի շրջանակներում վահանաձև գեղձի 2591 վիրահատություն է իրականացվել և 13 հետազոտություն՝ համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով։

Իսկ կլինիկաներ դիմած կանանց թիվը կազմում է 5311 մարդ, որոնցից 4884-ը հետազոտվել են, 670-ը՝ վիրահատվել։ Անցկացվել է 202 ընդհանուր վիրահատություն, 186 գինեկոլոգիական վիրահատություն և 282 ակնաբուժական վիրահատություն։ Բացի այդ՝ 395 կին դեռևս սպասում է. նրանք, քաղաքապետի տեղակալի խոսքով, կվիրահատվեն մոտակա ամսվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ՝ ակցիայի շրջանակներում իրականացվել է 1065 վիրահատություն, վահանաձև գեղձի 960 ՈւՁՀ և վահանաձև գեղձի հորմոնների 1069 անալիզ։

Դավիթ Օհանյանի խոսքով՝  «Ձեզ համար, կանայք» ակցիան անցկացվում է արդեն երրորդ անգամ և աստիճանաբար մեծանում է ակցիային մասնակցող կանանց թիվը։

2013 թվականին ակցիային մասնակցել է 5373 կին, արվել է 364 վիրահատություն, որոնցից 110-ը՝ գինեկոլոգիական, 253-ը՝ ակնաբուժական։

2014-ին ակցիային մասնակցել է 26 144 կին,  արվել է 1911 վիրահատություն որոնցից 401-ը՝ գինեկոլոգիական, 598-ը՝ ընդհանուր, 698-ը՝ ակնաբուժական, 214-ը՝ ուռուցքաբանական։

 2015-ին ակցիային մասնակցել էր արդեն 30 090 կին, սակայն վիրահատությունների քանակը նվազել է՝ անցյալ տարվա համեմատ՝ 1065։ Հավանաբար, դա կապված է այն բանի հետ, որ մարդիկ ավելի ուշադիր են դարձել իրենց առողջության նկատմամբ։

Ինչ վերաբերվում է բողոքներին և խնդիրներին, ապա քաղաքապետարանը 21 բողոք է ստացել, որոնք կարելի է բաժանել երեք հիմնական խմբի։

-         Իրազեկվածության պակաս։ մարդիկ չգիտեին, որ ծառայությունները մատուցվում են ակցիայի շրջանակներում, որոնք՝ ոչ և երբեմն պահանջել այն, ինչ նախատեսված չէր ակցիայով։

-          Եղել են դեպքեր, երբ բժիշկը վիրահատության անհրաժեշտություն չի տեսել, իսկ հիվանդն այն պահանջել է։

-         Որոշ մարդիկ այնպիսի անալիզներ են պահանջել, որոնք նախատեսված չեն եղել ակցիայով։

Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ եղել են նաև բողոքող տղամարդիկ, որոնց դուր չի եկել այն, որ ակցիան վերաբերվում է միայն կանանց։