Երեք ու կես ամիսների ընթացքում անհետաձգելի սրտաբանական օգնության ծրագրին մասնակցել է 450 քաղաքացի: Այս մասին լրագրողներին պատմեց Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:

«Ծրագիրը նպատակ ունի նվազեցնել մահացության եւ հաշմանդամության մակարդակը երկրում, քանի որ մահվան դեպքերի գրեթե կեսը սիրտ-անոթային հիվանդություններն են», - նշեց սրտաբանը:

Նրա խոսքով՝ իրականացրած վիրահատությունների տվյալներն ու հաշվետվությունները վերահսկվում են առողջապահության նախարարության եւ մի շարք մասնագետների կողմից, ժամանակ առ ժամանկ վերլուծվում են ծախսած միջոցները:

«Տարվա վերջին մենք ստույգ տվյալներ կունենանք ծրագրին մասնակցածների սեռի, տարիքի մասին, ինչպես նաեւ կիմանանք, ինչքանով հնարավոր եղավ նվազեցնել մահացության մակարդակը», - ընդգծեց Համլետ Հայրապետյանը:

Համլետ Հայրապետյանը հիշեցրեց նաեւ, որ վերոհիշյալ ծրագիրը մեկնարկել է Երեւանում հունվարի մեկին, ծրագրում ներգրավված են նաեւ երկու մարզային բժշկական կենտրոն: Ծրագրի շրջանակում հիվանդներին պետական միջոցներով տեղադրվում է մեկ անվճար ոչ  դեղորայքապատ ստենտ: Ծրագրի շահառուներ կարող են դառնալ այն մարդիկ, ովքեր ներառված չեն սրտի անվճար միջամտողական վիրահատության իրավունք ունեցող անձանց որեւէ խմբում: