Վերջերս դերասանուհիներ Անջելինա Ջոլին ու Ռիտա Ուոլսոնը կրծքագեղձի հեռացման վիրահատության են ենթարկվել: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այս վիրահատությունը եւ ինչպես է այն իրականացվում:
Ինչպես բացատրում է Սյուզան Կ. Բուլբոլը, մաստէկտոմիան կրծքագեղձի եւ դրա մաշկի, իսկ որոշ դեպքերում նաեւ պտուկների հեռացումն է: Սովորաբար այդպիսի վիրահատությունից հետո նաեւ կրծքի վերականգնում են իրականացնում:
Մասնագետի խոսքով՝ տարբեր պատճառներ կարող են ստիպել կնոջը դիմել վիրաբույժին: Որոշ կանայք ստիպված են դիմում այս վիրահատությանը, մյուսները իրենք են որոշում դիմել այս քայլին՝ հույս ունենալով խուսափել քաղցկեղից (այդպես վարվեց, օրինակ, Անջելինա Ջոլին):
Օրինակ, եթե կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվում, որոշ դեպքերում կուրծքն ամբողջությամբ են հեռացնում, երբեմն էլ հեռացնում են միայն ախտահարված հյուսվածքները: Այստեղ ամեն ինչ կախված է կրծքի եւ ուռուցքի չափսերից: Եթե կուրծքը մեծ է, ապա հնարավոր է հեռացնել ուռուցքը՝ պահպանելով կուրծքը: Սակայն երկու խմբի կանանց շրջանում էլ ապաքինման ցուցանիշները գրեթե չեն տարբերվում:
Ինչ վերաբերվում է կանխարգելիչ մաստէկտոմիային, այն կարող է կնոջ գիտակցված ընտրությունը լինել: Երբեմն կինը տեսնում է, ինչպես են մյուս կանայք պայքարում քաղցկեղի դեմ եւ չի ուզում, որ նույնն էլ իր հետ կատարվի: Համարվում է, որ մաստէկտոմիայից հետո քաղցկեղի հավանականությունը նվազում է, այդ պատճառով BRCA1 եւ BRCA2 գեներ ունեցող կանայք երբեմն որոշում են հեռացնել կուրծքը:
Շատ կանայք նաեւ կրծքի վերականգնում են իրականացնում մաստէկտոմիայից հետո: Բժիշկ Բուլբոլի խոսքով՝ բոլոր հիվանդները պետք է խորհրդակցեն պլաստիկ վիրաբույժի հետ եւ իմանալ, ինչ տարբերակներ կան: Եթե նույնիսկ նրանք հրաժարվեն վերականգնումից, պետք է սկզբում իմանալ, ինչ հնարավորություններ կան եւ կշռադատված որոշում ընդունել:






