ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպեց  ՀՀ Լոռու մարզի, Երեւանի եւ Ջավախքի 36 կլինիկական օրդինատորների հետ, ովքեր կրթություն են ստանում  Երեւանի Մխ.  Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 21 մասնագիտություններով:

Հանդիպման առանցքում ուսումն ավարտելուց հետո շրջանավարտների մարզեր ուղեգրվելու եւ այնտեղ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու պայմաններ ստեղծելու թեման էր:

«Այսօրվա մեր հանդիպումն  ավանդական է,  քանի որ մենք նպատակ ունենք  բոլոր մարզերի  ռեզիդենտների եւ կլինիկական օրդինատորների, նրանց հետագա աշխատանքի, մասնագիտացման պայմանների վերաբերյալ  շարունակական քննարկումներ ունենալ եւ համատեղ ծրագրեր իրականացնել»,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ նման հանդիպումները խնդիրներն ու առաջարկներն ամփոփելու,  քաղաքականությունը մշակելու,  կադրային հարցերը վերհանելու եւ դրանց լուծումները ուրվագծելու լավ հնարավորություն է:

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետը,  շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպումը նախաձեռնելու համար:

«Ուզում եմ հավաստիացնել, որ այն ուսանողները, ովքեր կցանկանան իրենց  մասնագիտական գործունեությունը շարունակել մեր մարզում,  կստեղծվեն անհրաժեշտ բոլոր` այդ թվում բնակարանային, կենցաղային պայմանները»,- ասաց Սամվել Լամբարյանը: 

 ՀՀ  տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների  նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանն էլ հայտնեց, որ նախարարությունը  պատրաստակամ է համատեղ քայլեր իրականացնել եւ բուհն ավարտած մասնագետների համար մարզում աշխատանքը գրավիչ դարձնել:

Խորհրդակցությանը ներկա էին նաեւ Սպիտակի. Տաշիրի, Վանաձորի, Ալավերդու, Ստեփանավանի բժշկական կենտրոնների ղեկավարները, ովքեր  պատասխանեցին կլինիկական օրդինատորների հնչեցրած հարցերին, ինչպես նաեւ տեղում հանդես եկան առաջարկներով: 

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգ, պրոֆեսոր Իվան Աղաջանյանը, ով ի դեպ,  մասնագիտական իր ուղին սկսել է հենց Վանաձորից` աշխատելով շտապօգնության ծառայությունում: Ներկայացնելով երիտասարդներին իր փորձը նա շեշտեց, որ մարզում աշխատանքն առաջին հերթին բարձրացնում է պատասխանատվության զգացումը:

Նախարարը արդեն իսկ Վանաձորի բժշկական կենտրոն աշխատելու մեկնած, սրտաբան  Կարեն Պողոսյանին առաջարկեց մասնագիտական հմտությունները խորացնելու նպատակով ընդգրկել պետության կողմից 2015թ. բյուջեով առաջին անգամ նախատեսված արտերկրի առաջատար կլինիկաներում  վերապատրաստման ծրագրում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց մարզային բժշկական կենտրոնները նորագույն սարքավորումներով հագեցման խնդիրին, թիմային աշխատանքին: Կլինիկական օրդինատորները հետաքրքրվեցին մարզերում  նոր ծառայություների համալրման, գիտական գործունեությունը կլինիկականի հետ  համատեղելու, ինչպես նաև այլ հարցերով: Կարևորվեց նաև բժշկի պաշտպանվածության հարցը` մասնագիտական պատականությունները կատարելիս: Քննարկվեցին նաև հանրային առողջապահական, բժշկական էթիկային վերաբերող մի շարք հարցեր:

Եզրափակելով քննարկումը` ՀՀ առողջապահության նախարարը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին անմիջական շփման համար: Նա ընդգծեց երիտասարդների շարունակական բժշկական կրթության զարգացման ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը` մաղթելով բազում մասնագիտական հաջողություններ: