ՀՀ  Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչները Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ներկայացուցչի հետ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում-քննարկումներ են ունեցել Երեւանում գործող հյուրանոցային տնտեսությունների մենեջերների, ինչպես նաեւ տուրիստական կազմակերպությունների պատասխանատուների հետ։ Տրվել է խորհրդատվություն առաձին վարակիչ հիվանդությունների ներբերումը կանխելու ուղղությամբ։ Այս մասին զեկուցվել է նախարար Արմեն Մուրադյանի մոտ ապրիլի 20–ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Միաժամանակ հյուրանոցային մենեջերների եւ տուրիստական կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկվել են հյուրանոցային տնտեսություններում սանիտարահակահամաճարակային կանոնների, սննդի հատվածում ռեժիմի ճիշտ պահպանման հարցերը։ Ներկայացվել է հյուրանոցներին կցված պոլիկլինիկաների ցանկը, ինչպես նաեւ նախարարությունում այդ օրերին գործող թեժ գծի հեռախոսահամարները` անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու եւ հյուրերի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով։

Տեղեկացնենք նաեւ, որ նախարարի հրամանով ապրիլի 23-ին եւ 24-ին առողջապահության նախարարությունում հերթապահություններ կսահմանվեն։ Իսկ նախատեսվող բազմամարդ բոլոր միջոցառումներին ներկա կգտնվեն նախարարի տեղակալները` անհրաժեշտության դեպքում բուժօգնությունն արագ եւ համակարգված կազմակերպելու նպատակով։