Մինչ օրս պատկան մարմինների կողմից չկա որեւէ հայտարարություն առ այն, թե ի վերջո ինչն է հանդիսացել վարակի աղբյուր: Այս մասին ասվում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ–ի հաղորդագրության մեջ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում բրուցելոզի բռնկման վերաբերյալ։

«Դեռեւս մարտ ամսին Սյունիքի մարզի Կապան քաղաքում գրանցված բրուցելոզի դեպքից հետո, երբ մեծ աղմուկից հետո ի վերջո հայտնաբերվել էր 19 հիվանդ, բարձրաձայնել էինք, որ անհրաժեշտ է պարզել, թե ինչպես են հիվանդ կենդանիներին տրվել առողջությունը հաստատող փաստաթղթեր եւ ինչ ռիսկեր է պարունակում բրուցելոզի դեմ իրականացվող վակցինացիայի պիլոտային ծրագիրը, եւ ի վերջո, որ փուլում են հիվանդները վարակվել: Կոչ էինք արել նաեւ պարզաբանել, թե ինչու են լռել պատկան մարմինները՝ չբարձրաձայնելով եւ փորձելով թաքցնել դեպքը: Մինչ օրս նշյալ հարցերի պատասխաններն այդպես էլ չեն բարձրաձայնվել:

Ուշագրավ է, որ վակցինացման աշխատանքներ են իրականացվում նաեւ Կոտայքի մարզի որոշ համայնքներում (գյուղերում), եւ զուգադիպություն է, թե ոչ, սակայն հիվանդության 2-րդ բռնկումը հենց Կոտայքի մարզում է:

Հիշեցնենք, որ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն մշտապես բարձրաձայնել է վակցինացման հնարավոր ռիսկերի եւ վտանգների մասին եւ դեմ է եղել բրուցելոզի նկատմամբ կենդանիների վակցինացմանը, քանզի գործող ենթակառուցվածքների պայմաններում, կենդանիների համատարած համարակալման եւ հաշվառման համակարգի բացակայության, տեղաշարժի անվերահսկելիության, ինչպես նաեւ մի շարք անհրաժեշտ պայմանների բացակայության պարագայում, մասնավորապես այն, որ անհնար է լաբորատոր փորձաքննության միջոցով պարզել արդյոք կենդանին հիվանդ է, թե՝ վակցինացված, վակցինացում իրականացնելը նպատակահարմար չէ: 

Կոչ ենք անում պատկան կառույցներին ի վերջո պարզաբանել, թե ինչ աշխատանքներ են իրականացվել վարակի աղբյուրի հայտնաբերման ուղղությամբ, ինչն է հանդիսացել վարակի պատճառ, բրուցելոզի որ տիպն է ի վերջո ախտորոշվել մարդկանց մոտ, եւ ինչ գործողություններ են իրականացվում վարակի հնարավոր հետագա տարածումը կանխելու ուղղությամբ», – ասվում ՝ հաղորդագրության մեջ։

Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը՝ այս պահի դրությամբ Սոլակ համայնքում կա 9 հիվանդ, որից 7-ը հոսպիտալացված են: