Ինսուլին պարունակող հաբերը կարող են պաշտպանել ռիսկի խմբում ընդգրկված երեխաներին առաջին տիպի դիաբետի զարգացումից: Այս դեղորայքը կարող է իմունային հակազդեցություն ապահովել, պարզել են Կոլորադոյի համալսարանի գիտնականները: Հնարավոր է, որ այս բացահայտումը առաջին տիպի դիաբետի դեմ պատվաստանյութի ստեղծման հիմքում դրվի: Հետազոտության ընթացքում 2-եւ տարեկան երեխաները, որոնք ընդգրկված է ռիսկի խմբում, քանի որ նրանց մոտ բարձր է առաջին տիպի դիաբետի զարգացման հավանականությունը, 3-18 ամիսների ընթացքում ամեն օր կամ ինսուլին պարունակող հաբեր կամ պլասեբո են ընդունել:

Պլասեբո ընդունած ամեն 10 երեխաներից միայն երկուսի մոտ վառ արտահայտված իմունային ռեակցիա դրսեւորվեց: Իսկ ահա ինսուլինային հաբեր ընդունածների խմբում իմունիտետը բարձրանում էր չափաբաժնին զուգընթաց: Այսպես, այն երեխաները, ովքեր ինսուլինի ամենամեծ չափաբաժինն էին ստացել, հետագայում դսեւորում էին ամենաուժեղ իմունային ռեակցիան, որն էլ պաշտպանում էր նրանց դիաբետից:

Այս հետազոտության զարգացման լավագույն սցենարի դեպքում արդյունքները կարող են նպաստել առաջին տիպի դիաբետի դեմ պատվաստանյութի ստեղծմանը: Նշենք, որ վերջինս կյանքի համար վտանգ ներկայացնող քրոնիկ հիվանդություն է: Այս հիվանդությամբ տառապողները օրական մի քանի անգամ ստիպված են ինսուլին ներարկել, քանի որ իրենց սեփական իմունային համակարգը սպանում է ինսուլին արտադրող ենթաստամոքսային գեղձի բջիջները: Նմանատիպ պատվաստնյութերի ստեղծման հավանականության մասին վաղուց է խոսվում:

Հետազոտության արդյունքները լույս են տեսել Journal of the American Medical Association ամսագրում: