Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունները կարելի է «հայկական» անվանել այնքանով, որքանով հայերը չունեն ձմեռվա ցրտին տնից դուրս գալու մշակույթ։ Այս մասին NEWS.am Medicine-ին ասաց «Արթմեդ» բժշկական կենտրոնի ԼՕՌ ծառայության ղեկավար Արայիկ Ղարիբյանը:

«Բոլորի մոտ էլ այդ հիվանդությունները լինում են, բայց, օրինակ, ռուսների մոտ դա ցրտաշունչ կլիմայով է պայմանավորված, իսկ մեզ մոտ հիմնականում դրսում պահելու մշակույթի բացակայությամբ։ Մենք մի քիչ ցուցամոլ ենք։ Բացի այդ մեր քիթը մեծ է, եւ քթանցքերը՝ լայն, այսինքն ավելի շատ սառը օդ է ներթափանցում», - ասաց բժիշկը։

Ըստ նրա, հայերը անկախ տարիքից, բնավորության մի գիծ ունեն՝ թեթեւ են հագնվում ցուրտ ձմռանը, եւ գլխարկ չեն դնում։ «Մանավանդ կանայք եւ աղջիկները դուրս են գալիս լողացած եւ մազերը հարդարած, առանց գլխարկի, ինչն էլ հանգեցնում է համապատասխան հետեւանքների՝ մրսածություն, սուր շնչառական վարակներ, հետո առաջանում են բարդություններ, անգինա, ռինիտ, հայմորիտ, ֆրոնտիտ եւ այլն։  Ձմռանն այս հիվանդությունները բավականին շատացել են, ընդ որում շատացել են կոմբինացված ձեւերը՝ միանգամից ախտորոշվում է պանսինուսիտ, այսինքն, բոլոր խոռոչների բորբոքում, անգամ մենինգիալ ախտանիշներով», - ասաց նա։ Բժիշկը խորհուրդ է տալիս հայերին առաջնորդվել հետեւյալ կարգախոսով՝ մտածել առաջին հերթին առողջության մասին, հետո նոր գեղեցկության. «Իհարկե, գեղեցիկ լինելը շատ լավ է, բայց ոչ առողջության հաշվին»։ Արայիկ Ղարիբյանը կանանց խորհուրդ է տալիս մի հատ էլ մազերի ֆեն պահել աշխատավայրում գլխարկ չդնելու եւ հիվանդանալու ռիսկին ենթարկվելու փոխարեն։

Բժիշկն անշուշտ կողմնակից է անձնական հիգիենայի, եւ ամեն օր ցնցուղ ընդունելը համարում է միանգամայն ճիշտ, բայց նախազգուշացնում է, որ գլուխը լվանալուց հետո այս ցրտին անմիջապես դուրս գալը, այն էլ առանց գլխարկի, հղի է վտանգներով։

Ըստ բժշկի վիճակագրության, այս տարի, ցուրտ ձմռան պատճառով Հայաստանում աճել է նաեւ բրոնխիալ ասթմայով հիվանդացությունը, որը կարող է առաջանալ լոռ հիվանդությունների ֆոնին։ «Այսինքն, մենք գլխարկ չդնելով, մեր գեղեցկության մասին մտածելով, մոռանում ենք, որ հայմորիտների ու ֆրոնտիտների հաջորդ բարդությունները, որոնք կարող են անբուժելի լինել՝ բրոնխիալ աստթման եւ մենինգիտն են։ Մեր ժողովուրդը քթըմպանային համակարգին վերաբերվում է շատ անփութորեն»։

Բժիշկը նաեւ նշեց, որ դեպքեր են լինում, երբ գլխարկ չեն դնում, բայց դեմքը շարֆով փաթաթում են, իսկ դա, ըստ բժշկի սխալ է, որովհետեւ այդ դեպքում ավելի հեշտ է մրսել։ «Շարֆը պետք է վզին փաթաթել», - ասաց նա։

Ըստ բժշկի, հիվանդությունները հիմնականում սրվում են անցումային շրջաններում՝ աշնանը եւ գարնանը, երբ օրգանիզմը չի հասցնում ադապտացվել ջերմաստիճանի փոփոխությանը, այնպես որ այս գարնանը կարելի է ԼՕՌ հիվանդացության աճ սպասել։