Ալկոհոլը 70 տոկոսով ավելի հավանական է դարձնում կաթվածը դրա ընդունումից հետ մեկ ժամվա ընթացքում: Ռիսկի խմբում են գտնվում այն մարդիկ, որոնք քիչ ալկոհոլ են օգտագործում շաբաթվա ընթացքում, բայց շատ են խմում հանգստյան օրերին, պարզել են Հարվարդի համալսարանի մասնագետները:
Իսկ ահա ալկոհոլի չափավոր օգտագործումը կարող է պաշտպանել կաթվածից և սրտի այլ հիվանդություներից: Գիտնականները պարզել են, որ կաթվածներն ավելի հաճախ են պատահում այն կանանց և տղամարդկանց մոտ, որոնք այնպիսի խմիչքներ են օգտագործում, ինչպիսին է օղին, վիսկին կամ ջինը: Իսկ ահա գինին ու գարեջուրը այդքան վտանգավոր չեն սրտի համար:
Հետազոտության հեղինակները պնդում են, որ կաթվածի բարձր հավանականությունը ավելի հաճախ նկատվում է տարեց մարդկանց մոտ, որոնք ալկոհոլը կանոնավոր չեն օգտագործում, փոխարենը հարբում են առիթից առիթ:
Գիտությանը վաղուց է հայտնի, որ ալկոհոլը բարձրացնում է զարկերակային ճնշումը դրա ընդունումից հետո մեկ ժամվա ընթացքում: Մինչև վերջերս կաթվածների քանակի հետ կապված լայնածավալ հետազոտություններ չեն իրականացվել, սակայն գիտնականները հետազոտել են ԱՄՆ-ում տեղի ունեցած կաթվածների 4 հազար դեպք:






