2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում ծնվել է 9452 երեխա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.9%-ով պակաս: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ Ազգային վիճակագրության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նա նշեց նաեւ, որ սովորաբար ձմռան ամիսներին ծնունդների թիվը այլ ամիսների համեմատ նվազում է: Այս եռամսյակի ընթացքում 1000 բնակչի հաշվով կենդանի ծնունդների ցուցանիշը կազմել է 12.7 պրոմիլե, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում ցուցանիշը 13 պրոմիլե էր:

Մահացության ցուցանիշը երկրում նույնպես նվազել է՝ 2.9%-ով. երեք ամիսների ընթացքում գրանցվել է 7708 մահ, մինչդեռ նախորդ տարվա նույն ամիսների ընթացքում 7940 մահ էր գրանցվել: 1000 բնակչի հաշվով մահացության ցուցանիշը կազմել է 10.4 պրոմիլե՝ ընդդեմ նախորդ տարվա 10.7-ի:

Չնայած ծնելիության անկմանը, մահացության ցուցանիշների անկման շնորհիվ երկրում մանկական հավելաճի 2.8 տոկոսի աճ է գրանցվել (1744 մարդ):

Ծնելիության ցուցանիշները ամենից բարձր են Երեւանում (13.7 պրոմիլե) եւ Արագածոտնի (13.6 պրոմիլե), Կոտայքի (13.5 պրոմիլե) եւ Արարատի (13.3 պրոմիլե) մարզերում: Իսկ ամենից ցածր ցուցանիշները գրանցվել են Սյունիքի (10.1 պրոմիլե) եւ Տավուշի (10.4 պրոմիլե) մարզերում:

Ինչ վերաբերվում է մահացության ցուցանիշներին, դրանք ամենաբարձրն են Լոռու (13.8 պրոմիլե), Տավուշի (12.8 պրոմիլե), Շիրակի (12.3 պրոմիլե) եւ Կոտայքի (10.5 պրոմիլե) մարզերում, ինչի պատճառով Տավուշի եւ Լոռու մարզերում բացասական հավելաճ է գրանցվել, այսինքն, մահվան թվերը գերազանցել են կենդանի ծնվածների թվերին: