Հունվարի 1-ից ապրիլի 1-ը Հայաստանում գրանցվել է մահվան 7708 դեպք, որոնց 50.6 տոկոսի պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են: Այս մասին լրագրողներին պատմեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նրա խոսքով՝ այս հիվանդությունների հետևանք հանդիսացող մահվան դեպքերը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել են 4.7 տոկոսով, սակայն սիրտ-անոթային հիվանդությունները դեռևս այս առումով առաջատար են:

Երկրորդ տեղում չարորակ գոյացություններն են՝մահվան դեպքերի 18.3  տոկոս: Մահվան դեպքերի 6.6 տոկոսը շնչուղիների հիվանդության հետևանք է, 6 տոկոսը՝ մարսողական համակարգի հիվանդությունների:

Հատկանշական է, որ աննշան աճել է դժբախտ պատահարների հետևանքով արձանագրված մահվան դեպքերի թիվը: Այսպես, մահվան դեպքերի 4.1 տոկոսը վնասվածքների և թունավորումների արդյունք է: Դա նախորդ տարվա ցուցանիշից 11 դեպքով ավել է: Իսկ ահա ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված մահվան դեպքերի թիվը կրճատվել է՝ երեք տոկոսից հասնելով մեկի:

Այս տարվա առաջին եռամսյակում 4 տոկոսով նվազել է մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում մահացության մակարդակը, արձանագրվել է ընդամենը 78 դեպք: Հայտնի է նաև 0-4 տարեկան երեխաների շրջանում 94 մահվան դեպքի մասին: