Հայ անոթային վիրաբույժները շատ առումներով զիջում են արեւմտյան վիրաբույժներին, հատկապես երբ զարկերակի հետ աշխատելու անհրաժեշտություն է ի հայտ գալիս: Այս կարծիքն է հայտնել NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում արքայազն Ալբերտի անվան թագավորական հոսպիտալի առաջատար անոթային վիրաբույժ Ռաֆֆի Քասաբյանը (Ավստրալիա):

Նրա կարծիքով՝ հիմնական խնդիրն այն է, որ ժամանակակից հայկական գիտությունը շատ բան է փոխառել սովետականից, իսկ վերջինս զգալիորեն հետ էր մնում եվրոպական եւ ամերիկյան բժշկությունից: Մյուս կողմից՝ մեր մասնագետները դեռեւս այդպիսի վիրահատությունների մեծ փորձ չունեն:

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, վերջին 10-15 տարիների ընթացքում էնդովասկուլյար վիրաբուժությունը զարգացման նոր փուլ է թեւակոխել: Շատ դեպքերում վիրաբույժները նախընտրում են ոչ թե միջամտողական, այլ էնդովասկուլյար վիրահատությունները: Այս վիրահատությունները հիվանդները շատ ավելի հեշտ են տանում, ինչն էլ բացատրում է այն փաստը, որ դրանք ավելի ու ավելի տարածված են դառնում: Հայաստանում, սակայն, այդ վիրահատությունների քանակը դեռեւս մեծ չէ, այդ պատճառով վիրաբույժները փորձի պակաս ունեն:

«Ես միշտ ասում եմ իմ ուսանողներին, որ վիրաբուժությունը այնքան էլ բարդ չէ, շատ ավելի բարդ է ճիշտ որոշումներ ընդունել վիրահատության ժամանակ եւ կանխարգելել հնարավոր բարդացումները: Հենց այստեղ է փորձ պետք գալիս», - նշում է Ռաֆֆի Քասաբյանը: