Թռչնագրիպի բռնկման եւ դրա արագ տարածման պատճառով ամերիկյան Այովա նահանգում արտակարգ դրություն է սահմանվել: Այս մասին է հայտնում Այովայի նահանգապետ Թերի Բրանսթեդը:

«Չնայած նրան, որ թռչնագրիպի բռնկումը մարդկանց համար վտանգ չի ներկայացնում, մենք շատ լուրջ ենք վերաբերվում դրան եւ կարծում ենք, որ արտակարգ դրություն սահմանելը գրիպի դեմ պայքարհի համար բոլոր միջոցների մոբիլիզացման լավագույն տարբերակն է», - նշեց նահանգապետը:

Արտակարգ դրությունը նահանգում, ինչպես ընդգծեց նահանգապետը, սահմանվում է անհապաղ եւ կտեւի առնվազն մինչեւ մայիսի վերջ: Այս ժամանակի ընթացքում նահանգի բոլոր հաստատություններն ու ծառայությունները հավելյալ միջոցներ կստանան, որոնք անհրաժեշտ են վարակման աղբյուրները գտնելու եւ ոչնչացնելու համար: Բացի այդ՝ նահանգի ճանապարհներին, հավանաբար, հսկիչ-անձնագրային կետեր կգործեն, իսկ մայրուղիների աշխատանքը կարող է դադարեցվել՝ հիվանդության տարածումը կասեցնելու նպատակով:

Նախօրեին նահանգի իշխանությունները ընտանի թռչունների՝ H5N2-ով վարակման եւս մի քանի աղբյուր են բացահայտել, իսկ հիվանդացած թռչունների քանակը Այովայում աճեց 5.5 միլիոնով (ընդհանուր երկրում այդ ցուցանիշը 20 միլիոն է կազմում):

Այովան՝ ԱՄՆ շուկա թռչնամսի առաջատար մատակարարներից մեկը, դարձավ երրորդ նահանգը Մինեսոտայից եւ Վիսկոնսինից հետո, որտեղ արտակարգ դրություն է սահմանվել թռչնագրիպի տարածման պատճառով:

Հիշեցնենք, որ տասնյակ երկրներ մասնակի կամ ամբողջապես արգելեցին թռչնամսի ներմուծումը ԱՄՆ-ից այն բանի հետո, երբ անցած տարվա դեկտեմբերին հայտարարվեց այնտեղ թռչնագրիպի բռնկման մասին: