1993 թվականին Հայաստանում ոչ մեկ հոմեոպատիայի մասին ոչինչ չէր լսել, իսկ այժմ այստեղ բավականին շատ ուժեղ հոմեոպատներ կան: Այս կարծիքն է հայտնել NEWS.am Medicine-ի հետ զրույցում բժիշկ հոմեոպատ Սաբինա Ցիմերմանը (Գերմանիա):
Բժիշկ Ցիմմերմանը քաջատեղյակ է Հայաստանում բժշկության այս տեսակի իրավիճակին: Նա առաջինն է, ով Հայաստան բերեց այս մեթոդը: 1993 թվականին Սաբինան առաջին անգամ եկավ Հայաստան եւ Էրեբունի կլինիկայում սեմինար անցկացրեց հոմեոպատիայի միջոցով բուժվող հիվանդությունների մասին: Նա նաեւ օգնեց բուժել Արցախյան պատերազմում վիրավորված մի քանի զինվորների:
«Սկզբում հայ բժիշկները հոմեոպատիային կասկածանքով էին վերաբերվում, սակայն ժամանակի ընթացքում, տեսնելով բուժման արդյունքները, շատերը փոխեցին իրենց կարծիքը եւ սկսեցին դրական վերաբերվել դրան», - նշում է մասնագետը:
Այդ տարիներին, սակայն, Հայաստանում հոմեոպատիկ դեղորայք չկար, եւ Սաբինա Ցիմմերմանը ստիպված եղավ դրանք Գերմանիայից բերել: Իսկ այնուհետեւ բժիշկը որոշեց, որ պետք է ավելի հաճախ գա Հայաստան եւ օգնի յուրացնել հոմեոպատիան:
Բժշկի խոսքով՝ այդ տարիների համեմատ շատ բան է փոխվել Հայաստանում: 1993 թվականին չկային ոչ միայն դեղեր, չկար ջուր, լույս, էլեկտրականություն, իսկ այսօր քաղաքը փոխվել է եւ լի է կյանքով: Շատ բան է փոխվել նաեւ հոմեոպատիայի ոլորտում: Այսօր մի քանի կենտրոններում արդեն կան բավականին ուժեղ հոմեոպատներ, որոնք արդյունավետ կերպով օգտագործում են այս մեթոդը:
Հիշեցնենք, որ Սաբինա Ցիմերմանը Հայաստան է եկել հոմեոպատների 5-րդ համաժողովին մասնակցելու համար: Ինչպես նշեց տիկին Ցիմերմանը մեր թղթակցի հետ զրույցում, սա նրա 40-րդ այցն է Հայաստան: Ի դեպ, Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը վերջերս բժիշկ Ցիմերմանին հայկական անձնագիր է հանձնել:






