Սննդակարգի եւ առողջության փոխկապակցվածությունը հաստատելու, ինչպես նաեւ բնակչության սննդակարգում ու առողջական վիճակում առկա փոփոխություններն արձանագրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նախարարությունում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների, արտերկրից հրավիրված մասնագետների հետ կայացած հանդիպման ժամանակ դիմեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին` ակնկալելով նրանց աջակցությունը 2015թ. ժողովրդագրական հետազոտությունների ժամանակ լրացուցիչ հետազոտություններ ընդգրկելու գործում։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին քայլեր ձեռնարկել նախարարությանն աջակցելու նպատակով։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել մասնագիտական քննարկումները եւ համատեղ ջանքերը նպատակաուղղել նախանշված ծրագրերի ապահովմանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Դեռեւս 2010 թվականից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրով Հայաստանում իրականացվում է Կայուն դպրոցական սնունդ ծրագիրը։ Դրանում ընդգրկված է մարզերի 61 հազար երեխա։
Պետք է նշել, որ ՀՀ կառավարությունը հաստատել է Կայուն դպրոցական սննդի ռազմավարությունը եւ ծրագրերը։ Դեռեւս անցյալ ուսումնական տարում Կայուն դպրոցական սնունդ ծրագիրը ՊՀԾ-ի կողմից իրականացվում էր բոլոր մարզերում: Այս ուսումնական տարվանից Սյունիքի, Վայոց Ձորի եւ Արարատի մարզերում գործում է Ազգային դպրոցական սնունդ ծրագիրը:
«Ծրագիրն ունի երկու նպատակ՝ ամենօրյա սննդարար կերակուր տալ երեխաներին` նպաստելով նրանց սնուցման ու առողջական դրության բարելավմանը եւ ծրագիրը հանձնել կառավարությանը՝ փորձագիտական օժանդակություն տրամադրելով առաջնային գործընկերոջը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը»,-ասաց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ եւ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոն։
Նա նշեց, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ձգտում է ընդլայնել համագործակցությունը առողջապահության նախարարության հետ, քանի որ ծրագիրն ուղղակիորեն առնչվում է երեխաների առողջությանը, եւ անելիքները շատ են հատկապես երեխաների համար որակյալ դպրոցական սնունդ ապահովելու, սնուցման ու առողջության բարելավման գործում:
«Ծրագրի գնահատող թիմի կողմից առաջարկվել էր, որպեսզի այն ընդլայնվի եւ զուգակցվի առողջ ապրելակերպին ուղղված այլ գործոնների հետ»,-նշեց տիկին Միշոն:
Երկուստեք փաստվեց, որ այս ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության կողմից հաստատված Առողջ ապրելակերպի հայեցակարգին եւ Երեխաների սնուցման բարելավմանն ուղղված ծրագրերին։ Փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը համառոտակի ներկայացրեց առողջ սնուցման, սննդակարգերի հետ կապված իրավիճակը Հայաստանում։
«2013-2014թթ. լուրջ քայլեր են իրականացվել առողջ ապրելակերպի, այդ թվում` առողջ սնուցման ապահովման ծրագրերն ավելի ինտենսիվ դարձնելու ուղղությամբ»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը` մատնանշելով երեխաների սնուցման բարելավման նոր հայեցակարգը եւ դրանից բխող գործողությունները։
ՀՀ կառավարության կողմից 2014 թ. սեպտեմբերի 25-ին հաստատված «Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը եւ հայեցակարգի իրականացման 2015-2020 թվականների գործողությունների ծրագրով» նախատեսվում է մշակել դպրոցներում երեխաների առողջ սնուցման եւ ֆիզիկական ակտիվության սկզբունքների ներառմամբ առողջությունը խթանող քաղաքականության օրինակելի մոդել` առաջնորդվելով «Առողջ դպրոցների» եվրոպական ցանցում ընդունված մոտեցումներով եւ գործելակերպով: Յուրաքանչյուր դպրոցի հնարավորություն կտրվի մշակելու սեփական քաղաքականությունը, համաձայն որի դպրոցը կպարտավորվի քայլեր ձեռնարկել` առողջ սնուցմանը եւ ֆիզիկական ակտիվությանը նպաստող միջավայրի ստեղծման ուղղությամբ:
«Այս ոլորտում կյանքի կոչվող ծրագրերի հաջողությունը լավ նախապայման է հետագա համագործակցությունն ընդլայնելու եւ առավել արդյունավետ դարձնելու համար»,-ասաց փոխնախարարը` հիշատակելով նաեւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ հեռավոր մարզերում իրականացվող «Կարեւոր է առաջին հազար օրը» ծրագիրը` ուղղված հղիության ընթացքում եւ երեխայի մինչեւ 2 տարեկան դառնալը ճիշտ սնուցման ապահովմանը։ Ընդգծվեց ծրագրի շրջանակում երիտասարդ մայրերի իրազեկումը պոլիկլինիկաներում ու ամբուլատորիաներում ստեղծված խորհրդատվական կենտրոնների, տպագիր տեղեկատուների, ուղեցույցների միջոցով։
Հանդիպմանը մասնակցում էին Իսրայելի առողջապահության նախարարության հանրային առողջապահության մասնագետ Հավա Ալթմանը, Իսրայելի գյուղատնտեսության նախարարության մասնագետ Իցիկ Գազիելը, ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Խառատյանը, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջապահության բաժնի պետ Հրայր Ասլանյանը, երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը, ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը։






