Պարագվայի առողջապահության նախարարությունը արգելել է ընդհատել հղիությունը տեղի բնակչուհիներից մեկին, որը բռնաբարության զոհ է դարձել: Աբորտ անելու թույտվություն ստանալու համար նախարարություն էր դիմել աղջկա մայրը:
Այժմ հղիության վեցերորդ ամսում գտնվող աղջկա հետ աշխատում են բժիշկներն ու հոգեբանները:
Իշխանության ներկայացուցիչները նշում են, որ, եթե նույնիսկ աբորտները երկրում արգելված չլինեին, նրանք միեւնույն է, նման վիրահատություն չէին իրականացնի՝ հատկապես հաշվի առնելով հղիության ժամկետը:
Երկրի իրավապաշտպաններն իրենց հերթին նշում են, որ իշխանությունների որոշումը վտանգում է աղջկա կյանքը եւ «հավասարազոր է կտտանքների»:
Երեխային բռնաբարել էր իր 42-ամյա հայրացուն 2014 թվականին: Բժիշկներն իմացել են հղիության մասին միայն դրա 20-րդ շաբաթում, երբ աղջիկը հայտնվեց հիվանդանոցում՝ ստամոքսի հատվածում ցավերի պատճառով: Այնուհետեւ նրա մայրը ձերբակալվեց: Նրան մեղադրում են ծնողական պարտականությունների՝ պատշաճ կերպով չկատարման մեջ: Երեխայի հայրացուն դիմել է փախուստի եւ այժմ որոնվում է:
Պարագվայի օրենսդրության համաձայն՝ հղիության ընդհատումը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե մոր կյանքը վտանգված է: Մնացած բոլոր դեպքերում աբորտը հանցագործություն է համարվում: Պաշտոնական տվյալներով՝ ամեն օր երկրում երկու երեխա է ծնվում՝ 10 -14 տարեկան մայրերից: Լատինական Ամերիկայում Պարագվայը զբաղեցնում է առաջին տեղը դեռահասների շրջանում հղիությունների ցուցանիշով: Ամեն տարի ծննդաբերության ընթացքում այս երկրում մոտավորապես երկու հազար երեխա է մահանում: Մահվան դեպքերի մեծ մասը կապված է անօրինական աբորտների հետեւանքների հետ:






