Շատերին թվում է, որ հոդատապ կարող է լինել միայն տարեց կարմրաթուշ մարդկանց մոտ, որոնք չարաշահում են ալկոհոլն ու շատակերությամբ են զբաղվում: Սակայն վերջերս, բրիտանացի մասնագետների պնդմամբ, կտրուկ աճել է հոդատապով տառապող երիտասարդների քանակը:
Բրիտանացի բժիշկների տվյալներով՝ եթե անցած տարի հոդապատապի պատճառով 5810 մարդ է դիմել բժիշկների, ապա տասնամյակ առաջ այս թիվը երկու անգամ փոքր էր՝ 2658: Այսօր 20-30 տարեկան հիվանդների քանակը աճել է երեսուն տոկոսով:
Շատ բժիշկների խոսքով՝ երիտասարդների մոտ հոդատապի զարգացման պատճառը ճարպակալումն է, որն այսօր իրական համաճարակի է վերածվել աշխարհի շատ երկրներում: Բացառված չէ, որ երկրորդ տիպի դիաբետի նույնպես իր ազդեցությունն է թողնում նույնիսկ երիտասարդների մոտ հոդատապի զարգացման վրա:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, ռիսկի գործոնների նվազեցումը կարող է օգնել կանխարգելել հոդատապի տարածումը: Վերջերս անցկացրած հետազոտությունը ցույց տվեց, որ ֆրուկտոզան, որը հաճախ հանդիպում է գազավորված ըմպելիքներում, նույնպես կարող է ավելի հավանական դարձնել հոդատապի զարգացումը: Այդ պատճառով խորհուրդ չի տրվում այդպիսի ըմպելիքներ օգտագործել:
Հոդատապը արթրիտի տեսակ է, որն իրենից հոդերի հիվանդություն է ներկայացնում: Հիվանդությունը բնութագրվում է օրգանիզմի հյուսվածքներում ուրատի բյուրեղների կուտակմամբ:






