DNP նյութը (2.4-դինիտրոֆենոլ), որը բավականին տարածված է նիհարել ցանկացող մարդկանց, ինչպես նաեւ մարզիկների ու բոդիբիլդերների շրջանում, կարող է մահացու վտանգավոր լինել: Այպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ինտերպոլը:

DNP-ի վտանգավորության մասին «գազարագույն զգուշացումը» ուղարկվել է Ինտերպոլի անդամ 190 երկրներին այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայում այս հաբերի պատճառով երիտասարդ մի կին մահացավ, իսկ Ֆրանսիայի մի քաղաքացի շատ լուրջ հիվանդացավ:

Ինչպես հայտնում է ibtimes.co.uk-ը, սովորաբար այն վաճառվում է դեղին փոշու կամ կապսուլաների տեսքով, երբեմն հանդիպում է նաեւ քսուկի տեսքով: Այս նյութը գովազդվում է համացանցում՝ սոցիալական ցանցերում եւ առցանց խանութներում, որտեղ այն ակտիվորեն վաճառվում է:

Ինտերպոլը հիշեցնում է նաեւ, որ ի սկզբանե այս նյութը օգտագործվել է պայթուցիկ պատրաստելու համար, իսկ 20-րդ դարի 30-ական թվականներին այն սկսել են օգտագործել ավելորդ քաշից ազատվելու նպատակով: Այժմ այս նյութի արտադրանքն անօրինական է, ինչն էլ ավելի է բարդացնում հնարավոր հետեւանքները:

Այս նյութը իրականում կարող է օգնել ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից, սակայն դրա հասցրած վնասն անհամեմատ ավելի մեծ է: Այն կարող է բարձրացնել ջերմաստիճանը մինչեւ 43.3 աստիճան, ինչի արդյունքում օրգանիզմը կսկսի այրվել ներսից, ինչպես նաեւ սիրտ-անոթային խնդիրներ առաջացնել: