ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) հետ համատեղ այսօր Երեւանում անցկացնում է խորհրդարանական լսումներ՝ «Բժշկական մասնագիտացման եւ բժշկական ինքնուրույն մասնագիտական գործունեության միջազգային փորձը» թեմայով: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ պրոֆեսոր Արա Տեր-Գրիգորյանը:
Նա նշեց, որ մոտ մեկ շաբաթ առաջ առաջին ընթերցմամբ ազգային ժողովում ընդունվեց շարունակական մասնագիտական զարգացման վերաբերյալ մի նոր օրենք, որը ամբողջությամբ նոր մոտեցում է դրսեւորելու՝ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի վերաբերյալ: Ինչպես նշեց Արա Տեր-Գրիգորյանը, օրենքից հետո ենթադրվում է ընդունել նաեւ մի շարք ենթաօրենսդրական ակտեր, եւ միջազգային փորձի ուսումնասիրությունը հնարավորություն կտա այդ գործընթացը հնարավորինս լավ կազմակերպել: Այսօրվա խորհրդարանական լսումները նվիրված են հենց այս ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրությանը:
Լսումների ընթացքում նախատեսված է Շվեյցարիայից հրավիրված Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի կանանց եւ երեխաների առողջության ամբիոնի վարիչ, հետդիպլոմային բժշկական կրթության պատվիրակ պրոֆեսոր Հանս Ուլրիխ Բյուխերի զեկույցը, որի ընթացքում նա կներկայացնի բժշկական մասնագիտացման եւ բժշկական ինքնուրույն մասնագիտական գործունեության միջազգային փորձը, բժշկական հաստատությունների եւ մասնագիտական ասոցիացիաների դերի կարեւորությունը եւ այդ գործընթացի կարգավորման մեխանիզմները:
Լսումներին ներկա են առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ պատգամավորներ, Երեւանի քաղաքապետարանի, ինչպես նաեւ մարզպետարանների ներկայացուցիչներ եւ բուժաշխատողներ:






