Հղի կնոջ բջջայինի ձայնը կարող է վախեցնել որովայնում գտնվող փոքրիկին եւ ընդհատել նրա քունը: Այս մասին են հայտնում Wyckoff Heights Medical Center-ի գիտնականները:

Հետազոտության հեղինակ պրոֆեսոր Բորիս Պետրիկովսկին իր գործընկերների հետ համատեղ պարզել է, որ հղիության ընթացքում բջջայինից օգտվելը վտանգավոր է: ԵՎ դրա պատճառը ամենեւին էլ ճառագայթումը չէ: Պարզվեց, որ բջջայինի ձայնը կարող է բացասաբար ազդել պտղի վրա:

Հետազոտողների խոսքով՝ փոքրիկը մայրիկի որովայնում կարողանում է լսել զանգերը, ձայնային ազդանշաններն ու վիբրացիան: Առայժմ, սակայն, հայտնի չէ, ընդհանուր առմամբ ինչպես է անդրադառնում հեռախոսը մոր եւ փոքրիկի առողջության վրա:

«Եթե Դուք որովայնում գտնվող երեխա եք, եւ ձեզ արթնացնում են ժամը մեկ, դուք դժվար թե երջանիկ լինեք դրանից, - նշում է Բորիս Պետրիկովսկին, - բջջայինի ձայնային ազդանշանները խանգարում են փոքրիկի քունը, սակայն առայժմ մենք չենք կարող պնդել, որ դա որեւէ կերպ անդրադառնում է հղիության ընթացքի վրա: Սակայն, ամեն դեպքում, քնի ցիկլի խանգարումը դրական երեւույթ չէ»:

Ավելի վաղ իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ այն հղի կանայք, որոնք բուժհաստատություններում են աշխատում, շատ հաճախ ավելի մեծ թվով բարդությունների հետ են բախվում՝ ներառյալ վաղաժամ ծննդաբերությունը եւ բարձր զարկերակային ճնշումը: Դա իր հերթին կապված է այն հանգամանքի հետ, որ, ելնելով իրենց աշխատանքի առանձնահատկություններից, այս կանայք միշտ ստիպված են իրենց մոտ պահել բջջային հեռախոսները: