Մայիսի 8-ին նշվում է Կարմիր Խաչի եւ Կարմիր Կիսալուսնի միջազգային օրը (World Red Cross and Red Crescent Day), որը հիմնադրվել է ի պատիվ շվեյցարացի գործարար, հասարակական գործիչ եւ հումանիստ Ժան Անրի Դյունանի (Jean Henri Dunant, 8 մայիսի 1828 — 30 հոկտեմբերի 1910):
Դյունանը հայտնի է նրանով, որ 19-րդ դարի կեսերին նրա նախաձեռնությամբ առաջին անգամ սկսել են կամավորների խմբեր հավաքվել, որոնք օգնում էին մարտի դաշտում վիրավորվածներին: Իսկ 1863 թվականին Դյունանի նախաձեռնությամբ կոնֆերանս է իրականացվել, որն էլ սկիզբ դրեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գոյությանը (International Committee of the Red Cross): Իսկ իր պաշտոնական անվանումը Միջազգային Կարմիր Խաչը ստացել է 1928 թվականին Հաագայում կայացած 13-րդ միջազգային կոնֆերանսին: Կոնֆերանսի ընթացքում հաստատվել էր նաեւ կազմակերպության կանոնակարգը, որը փոփոխվել է 1952 եւ 1965 թվականներին:
Ավելի ուշ՝ 1986 թվականի հոկտեմբերին հաստատվել է կազմակերպության նոր անվանումը՝ Կարմիր Խաչի եւ Կարմիր Կիսալուսնի միջազգային շարժում: Կազմակերպության նպատակն է մարտական գործողությունների ընթացքում վիրավորվածներին, հիվանդացածներին, գերի ընկածներին, ինչպես նաեւ տարերային աղետներից տուժածներին օգնելն է: Կազմակերպության գործունեության հիմնական սկզբունքներն են մարդասիրությունը, անաչառությունը, կամավորությունը, միասնականությունը:
Այսօր կազմակերպության ներկայացուցիչներն աշխատում են աշխարհի ավելի քան 188 երկրներում:






