Ինդոնեզիայի կլինիկաներից մեկում ծնվել են Պուտրա եւ Սիտի Խադիջաները: Նրանք գլխի հատվածում միացած սիամական երկվորյակներ են: Կեսարյան հատումից հետո կլինիկայի բժիշկներն անում են ամեն հնարավորը, որպեսզի աղջիկները կենդանի մնան:
Առայժմ գիտնականներին հայտնի է, որ աղջիկների գանգերը միացած են, սակայն պարզ չէ, նրանք ուղեղի միասնական հյուսվածքներ, զարկերակներ կամ այլ կարեւոր անոթներ ունեն, թե ոչ: Եթե պարզվի, որ արյան շրջանառությունը ուղեղի հատվածում աղջիկների մոտ ընդհանուր է, նրանց բաժանելը շատ վտանգավոր կլինի: Այդ պատճառով, բժիշկների խոսքով, որոշում կայացնելուց առաջ պետք է հետազոտել աղջիկների գլուխը եւ հասկանալ, ինչ է կարելի անել:
Գլխի հատվածում միացած սիամական երկվորյակները բավականին հազվադեպ երեւույթ են. 2.5 միլիոն ծննդաբերություններից ընդամենը մեկ այդպիսի դեպք է արձանագրվում: Ամեն տարի ծնվում է մոտ 200 սիամական երկվորյակ, սակայն ամեն երկրորդն է միայն մեկ տարուց ավել ապրում:
Հատկանշական է, որ մայրիկի որովայնում ավելի հաճախ սիամական երկվորյակներ են դառնում տղաները, սակայն լույս աշխարհ եկող սիամական երկվորյակների 70 տոկոսը աղջիկներ են: Դա բացատրում են նրանով, որ հավանականությունը, որ աղջիկ սիամական երկվորյակները կարող են ծնվել եւ ողջ մնալ, շատ ավելի բարձր է: Իսկ տղաները սովորաբար մահանում են մոր որովայնում՝ մինչեւ ծննդաբերությունը:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին սիամական երկվորյակների լույս աշխարհ գալու մի քանի դեպք է արձանագրվել: Նրանք բոլորն էլ միացած են եղել մարմնի տարբեր հատվածներում, սակայն վիրաբուժական միջամտության շնորհիվ նրանց հնարավոր է դարձել բաժանել:






