Մեկ բաժակ կարմիր գինին ընթրիքի ընթացքում կարող է օգտակար լինել դիաբետով տառապողների համար, նշում են բժիշկները, որոնք երկրորդ տիպի դիաբետ ունեցող 220 հիվանդ են հետազոտել երկու տարի շարունակ: Խմիչքը բարձրացնում է «դրական խոլեստերինի» մակարդակը եւ այդպիսով կասեցնում է հիվանդության զարգացումը:
Հետազոտվողները հետեւում էին միջերկրածովյան դիետային, կալորիաների օգտագործումը սահմանափակ չէր, սակայն մասնակիցների մի մասը ընթրիքից հետո 150 մլ ջուր էր խմում, մնացած երկու խմբերը՝ նույքան կարմիր կամ սպիտակ գինի, հայտնում է RT-ն:
Պարզվեց, որ կարմիր գինի օգտագործողների մոտ բարձրանում էր լիպոպրոտեինների մակարդակը, որոնք նվազեցնում են աթերոսկլերոզի եւ սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը: Ընդհանուր առմամբ, դիաբետով հիվանդները ավելի էին հակված սրտի հիվանդությունների զարգացմանը:
Հետազոտությունն իրականացվել էր Բեն-Գուրիոնի անվան իսրայելական համալսարանի մասնագետների, ԱՄՆ Հարվարդի առողջապահական դպրոցի եւ գերմանական Լեյպցիգի համալսարանի մասնագետների կողմից:
«Սա առաջին լայնամասշտաբ հետազոտությունն է, որը թույլ է տալիս ենթադրել, որ ալկոհոլի՝ մասնավորապես կարմիր գինու օգտագործումը նվազեցնում է կարդիոմետաբոլիկ համախտանիշի վտանգը»,-նշում են գիտնականները:






