Իր հիշողություններով NEWS.am Medicine-ի հետ կիսվել է ԼՕՌ բժիշկ Արայիկ Ղարիբյանը:
Ալ վարդեր
Մի անգամ զինվորական ծառայության ընթացքում բժիշկը հայտնվեց Ջաբրաիլ քաղաքում, որը հայտնի է նաեւ որպես վարդերի քաղաք: Կիսավեր քաղաքը անչափ գեղեցիկ էր: Ամենուր, ամեն բակում աճում էին վայրի վարդերը՝ վառ ու խայտաբղետ:
Բժիշկը որոշեց վարդեր քաղել իր կնոջ եւ իր ընկերոջ Արմեն Մարտիրոսյանի, ով բժշկական ծառայության ղեկավարն էր, կնոջ համար: Մկրատ, դանակ կամ գոնե ձեռնոց նրանք չունեին, այդ պատճառով վարդ քաղելը իսկական փորձություն դարձավ: Վնասելով ձեռքերը՝ բժիշկներն, այնումենայնիվ, մի մեծ ծաղկեփունջ կազմեցին վարդերից եւ փաթաթեցին այն խոնավ շորով: Տղաներից մեկի հայրը պետք է տաներ բժշկին Երեւան, եւ այդ ծաղկեփունջը դժվարությամբ տեղավորվեց նրա մեքենայում:
Ճանապարհին նրանք կանգ առան Գորիսում՝ ծանոթներից մեկի մոտ, եւ մեծ ուրախությամբ իմացան, որ նա փոքրիկ լողավազան ուներ՝ ջրով լի: Մինչ բժիշկները հանգստանում էին, ծաղկեփունջը լողավազանում էր: Դա օգնեց ծաղիկներին դիմանալ երկարատեւ ճամփորդությանը:
Երեկոյան ժամը 11-ին բժիշկ Ղարիբյանը ծեծեց իր տան դուռը՝ ուրախացնելով կնոջն իր անսպասելի ժամանմամբ: Այնուհետեւ անցավ լոգասենյակ, որտեղ պահվում էր ջրով լցրած վաննան (ինչը բնական երեւույթ էր այդ տարիների համար) եւ ջրի մեջ գցեց բոլոր վարդերը: Լողասենյակ մտնելով՝ կինը տեսավ հարյուրից ավելի հրաշաբույր վարդ:
Վարդերի մի մասը, իհարկե, հաջորդ առավոտ տվեցին Արմեն Մարտիրոսյանի կնոջը:
Զանգ՝ գիշերվա մեկին
Մի անգամ մարտի 8-ին Արայիկ Ղարիբյանը եւ ընկերները որոշեցին գնալ Հադրութ եւ զանգել Երեւան՝ կանանց շնորհավորելու համար: Նրանց հետ եկավ նաեւ զորամասի սպաներից մեկը՝ գյուղացի հասարակ մի տղա, որը, հավանաբար, երբեք չէր շնորհավորել կնոջ մարտի 8-ը, սակայն այս անգամ որոշեց ընկերներից չտարբերվել:
Բժիշկ Ղարիբյանն ու նրա ընկեր Արմեն Մարտիրոսյանը զանգահարեցին Երեւան եւ շնորհավորեցին իրենց կանանց, իսկ ահա նրանց երրորդ ընկերը ոչ մի կերպ չէր միանում, բացի այդ՝ արդեն գիշերվա ժամը մեկն էր: Նա նույնիսկ հեռախոսավարուհուն փող խոստացավ, եթե նա ի վերջո կարողանա ապահովել կապը, եւ խոստացած գումարն աճում էր ամեն անարդյունք զանգի հետ: Հուսահատ ընկերները որոշեցին վերադառնալ զորամաս, սակայն այդ պահին հեռախոսավարուհին, ի վերջո, կարողացավ կապ հաստատել:
Այդ տղայի կինը շատ վախեցավ՝ ուշ ժամին զանգ ստանալով, քանի որ մտածեց, որ որեւէ բան է պատահել: Սակայն ինչպիսին էր նրա զարմանքը, երբ նա իմացավ, թե ինչ մեծ ջանքերի գնով է այդ տղան կարողացել զանգահարել՝ այն էլ մարտի 8-ի առիթով շնորհավորելու համար:
Արայիկ Ղարիբյանը՝ այդ պահին դեռեւս բժշկականի ուսանող, մասնակցել է Արցախյան գոյամարտին: Ինչպես նա ինքն է նշում, մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չի ունեցել, սակայն ամեն կերպ օգնել է «Նիկոլ Դուման» ջոկատին, որի կազմում բազմաթիվ բժիշկ-ուսանողներ կային: Այժմ Արայիկ Ղարիբյանը ժպիտով է հիշում, ինչպես նրան, կարճատեսություն ունեցող ուսանողին, չէին թողնում սահմանագիծ դուրս գալ եւ անընդհատ ասում էին, որ իր տեղը թիկունքում է, որտեղ նա պետք է օգնի վիրավորներին: Արայիկ Ղարիբյանը հիշում է նաեւ, ինչպես էին հայ բժիշկներն օգնում ոչ միայն հայերին, այլ նաեւ ադրբեջանցիներին:






