1922 թվականին Իջեւանում ծնված Անի Պապյանը Մեծ Հայրենականի տարիներին ծառայում էր որպես բուժքույր: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա հիշեց մի քանի պատմություն, որոնք կատարվել էին իր հետ պատերազմի տարիներին:

Արյան հետեւից

Մի անգամ սպաներից մեկը հրամայել է զինվորին գնալ դոնորական արյան հետեւից, բայց վերջինս հրաժարվել է: Սպան տեղում գնդակահարել է զինվորին: Անի Պապյանը, որն այդ ժամանակ ծառայում էր որպես բուժքույր, դուրս է եկել՝ կրակոց լսելով: Տեսնելով Անիին՝ սպան նրան մոտ է կանչել, եւ ասել, որ նա պետք է մոտ մի կիլոմետր անցնի ոտքով եւ դոնորական արյուն բերի մոտակա հոսպիտալից: Սպան նաեւ նրան հայտնել է գաղտնաբառը, որը նա պետք է ասեր՝ հասկացնելու համար, որ նա թշնամի չէ:

Ճանապարհին Անիի մոտ խնդիրներ ի հայտ չեն եկել, սակայն ճանապարհը անվտանգ չէր: Ամբողջ ընթացքում նա մտքում կրկնում էր գաղտնաբառը, սակայն հոսպիտալից ոչ այնքան հեռու նա ընկել է եւ հանկարծակի մոռացել գաղտնաբառը: Սահմանապահները, տեսնելով նրան, վազելով մոտ են եկել, հորցուփորձ արել, ով է նա, եւ ինչ է անում այստեղ: Իսկ Անին ռուսերեն գրեթե չէր հասկանում, գաղտնաբառն էլ մոռացել էր: Բարեբախտաբար, նա իր հետ փաստաթղթեր ուներ, եւ հոսպիտալի աշխատակիցները հավատացել են, որ նա թշնամի չէ:

Ինքը Անին, ի դեպ, պատերազմի տարիներին նույնպես արյան դոնոր է եղել: Նա շատ հազվադեպ արյան խումբ ունի՝ 4-րդ դրական:

Ադրբեջանցու ճամպրուկը

Մի անգամ Անին ու իր գործընկերները վիրավոր էին տեղափոխում Թբիլիսի: Մի ադրբեջանցի, կանգնեցնելով նրանց ճանապարհին, մի մեծ ճամպրուկ է տվել եւ խնդրել իրենց հետ գնացքով տանել այն: ԽՍՀՄ տարիներին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լուրջ կոնֆլիկտներ չկային, եւ բուժաշխատողները համաձայնվել են:

Թիֆլիսում սահմանապահները միանգամից նկատել են ճամպրուկը եւ հարցրել, ինչ է այնտեղ: Պարզվել է, որ ճամպրուկում… օճառ էր: Ադրբեջանցին, հավանաբար, ուզում էր տեղափոխել այն Թիֆլիս՝ վաճառելու համար՝ չնայած նրան, որ մաքսանենգությունը այն ժամանակ շատ խիստ էր պատժվում:

Հիշեցնենք, որ վերջերս Սուրեն Ստեփանյանը, Զոյա Շաբարինան, Անի Պապյանն ու Սոֆի Սարգսյանը՝ Մեծ Հայրենականի բժիշկ վետերանները պագեւատրվել են մեդալներով ու պատվոգրերով:

Նշենք, որ Հայաստանում եւ ԼՂՀ-ում այսօր եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի բանակի ստեղծման օրը: