Երեւանի բնակչը, որին մայիսի 7-ի առավոտյան խայթել էր կարիճը, մի քանի ժամ շարունակ ապարդյուն փորձում էր բժշկական հաստատություններում պատշաճ օգնություն ստանալ:
Ինչպես նա հայտնեց NEWS.am Medicine-ի թղթակցին, երկու պոլիկլինիկաներում նրան հայտնել են, որ հիմա սեզոն չի, այդ պատճառով հակաթույն չունեն, իսկ հիվանդանոցում նա սպասել է բժշկին 40 րոպե, սակայն վերջինս այդպես էլ չի հայտնվել, երրորդ պոլիկլինիկայում նրան փայտացման դեմ ներարկում են արել: Այնուհետեւ տուժածն եկել տուն է եւ զանգահարել շտապ օգնություն, որտեղ նրան խորհուրդ են տվել քացախային թրջոց դնել եւ սուպրաստին խմել:
Փորձելով պարզել, ինչու բուժհաստատություններում չկա համապատասխան հակաթույնը, եւ ինչ է նշանակում՝ «սեզոնը չի», մենք պարզեցինք շատ հետաքրքիր մի փաստ: Այդպիսի հակաթույն առհասարակ գոյություն չունի, բայց մեր պոլիկլինիկաներում այդ մասին, ինչպես երեւում է, չգիտեին, այլապես չէին պնդի, որ «սեզոնը չի»: Բուժհաստատություններում ժամերով սպասելը այլ խոսակցության առարկա է, իսկ շտապ օգնության՝ հեռախոսով խորհրդատվությունը… դե, լավ է, որ գոնե այդքանն են արել:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը նշեց, որ դեղին կարիճի խայթոցը (կարիճի հենց այդ տեսակն էր խայթել մեր խմբագրություն դիմած քաղաքացուն) վտանգավոր չէ, այն ընդամենը ցավ է առաջացնում, հնարավոր է նաեւ ալերգիկ ռեակցիա, այդ պատճառով տուժածը պետք է ցավազրկող խմի կամ հակաալերգիկ դեղամիջոց: Այլ բուժում հարկավոր չէ: Թրջոցը պետք էր դնել խայթոցից անմիջապես հետո, իսկ մի քանի ժամ անց որեւէ բան անելն ընդհանրապես անիմաստ է: Մեր զրուցակիցը շատ զարմացավ՝ իմանալով պոլիկլինիկաների գործելաոճի մասին, քանի որ պոլիկլինիկայի աշխատակիցները պարտավոր էին տուժածին ուղեգրել նրա ղեկավարած հատուկ կենտրոնը:
Հարկ է նշել, որ քաղաքացու բախտը բերել է կարիճի գույնի տեսանկյունից, քանի որ, եթե նրան խայթեր մուգ գույնի կարիճը, պատմության ընթացքը նույնը կլիներ, բայց ավարտը ոչ այդքան բարեհաջող։






